երեքշաբթի, օգոստոս 16
16 / 8 / 2022
Երևանում լույս է տեսել նոր հոդվածների ժողովածու Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացին Հայաստանի մասնակցության վերաբերյալ

Երևանում լույս է տեսել նոր հոդվածների ժողովածու Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացին Հայաստանի մասնակցության վերաբերյալ

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը լույս են ընծայել «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության յոթ տարին. եվրասիական ինտեգրման հաջողությունները, դասերն ու հեռանկարները» վերտառությամբ գիրքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հրատարակությունը նվիրված է Եվրասիական տնտեսական միության գործունեության յոթնամյակին: Այն միաժամանակ հայերեն և ռուսերեն լեզուներով է:

Ժողովածուի ընթերցողներին ողջույնի խոսք են հղել ինտեգրման և մակրոտնտեսական հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (Նախարար), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Գլազևը և արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (Նախարար) Արտակ Քամալյանը:

Հայ և ռուսաստանցի ճանաչված գիտնականների և փորձագետների հոդվածների այս ժողովածուն հետազոտում է Եվրասիական տնտեսական ինտեգրման փորձը, հաջողություններն ու դասերը, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության ընթացիկ արդյունքները:

Հոդվածներում ուղենշված են ինտեգրացիոն գործընթացի խնդիրներն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետության առջև կանգնած տնտեսական, քաղաքական և սոցիալական խնդիրների լուծման տեսանկյունից: Հրատարակության արժանիքներից մեկն այն է, որ ինտեգրման տնտեսական ասպեկտների հետ միասին դիտարկված են քաղաքակրթական, մշակութային-հումանիտար ասպեկտները:

Ժողովածուի կազմողն ու նախաբանի հեղինակն է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը: Գլխավոր խմբագիրն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Արամ Սաֆարյանի վկայությամբ Եվրասիական փորձագիտական ակումբի շուրջ համախմբված առաջատար գիտնականների և փորձագետների ընդհանուր մոտեցումն այն է, որ շատ կարևոր է համատեղ ջանքեր գործադրել ընդհանուր ինտեգրացիոն և համատեղ քաղաքակրթական տարածքի հետագա զարգացման համար, որովհետև միայն այդ ընդհանուր տարածքն է ունակ իրապես ապահովելու Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը:

Գիրքը հասցեագրված է քաղաքական ու հասարակական գործիչներին, գիտնականներին, փորձագետներին, լրագրողներին, դասախոսներին, ասպիրանտներին և ուսանողներին, ովքեր ուսումնասիրում են քաղաքական, տնտեսական գործընթացները և միջազգային հարաբերությունները: Այն կարող է հետաքրքիր լինել նաև ընթերցող ամենալայն շրջանակին: Ժողովածուն արդեն իսկ բաժանված է Հայաստանի պետական իշխանության մարմիններին, առաջատար համալսարաններին ու խոշորագույն գրադարաններին, բազմաթիվ քաղաքական ու հասարակական ուժերին, ԶԼՄ-ներին: Գրքի հեղինակների գնահատմամբ սա մի կարևոր հայկական ներդրում է եվրասիական տնտեսական ինտեգրման ծավալվող ու թափ հավաքող գործընթացում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: