շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարները դատապարտել են նացիզմի հերոսացումը

Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարները դատապարտել են նացիզմի հերոսացումը

 ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները դատապարտել են նացիզմի, նեոնացիզմի և ծայրահեղականության հերոսացումը։ Երևանում ՀԱՊԿ անդամ երկների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում հայտարարություն է ընդունվել։

Համատեղ հայտարարությամբ նրանք մտահոգություն են հայտնել և դատապարտել նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության, շովինիզմի, այլատյացության, ատելության, ռասայական և ազգային գերազանցության բոլոր ձևերի հերոսացման դրսևորումների աճը, որոնք իրական վտանգ են ներկայացնում ժողովրդավարական և համամարդկային արժեքների, անվտանգության, սոցիալական կայունության և հասարակության միասնության համար։
 
Բացի այդ, ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարները դատապարտել են նացիզմի և ազգայնական գաղափարախոսությունների տարածմանն ու արդարացմանն ուղղված ցանկացած գործողություն, ինչպես նաև ողջունել են պետությունների և միջազգային կազմակերպությունների ջանքերը՝ ուղղված նացիզմի, նեոնացիզմի և ծայրահեղականության հերոսացման դրսևորումներին հակազդելուն ու դրանց դեմ պայքարին։
 
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

  • Կիսվել: