կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Երևանն ու Պեկինը նախատեսում են պարզեցնել մաքսային ընթացակարգերը. դեսպան

Երևանն ու Պեկինը նախատեսում են պարզեցնել մաքսային ընթացակարգերը. դեսպան

 Հայաստանն ու Չինաստանն ապագայում կպարզեցնեն մաքսային ընթացակարգերը և կնվազեցնեն տրանսպորտային ծախսերը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Չինաստանի նոր դեսպան Լի Սինվեյը։
 
Նրա խոսքով, դա հնարավոր կլինի Հայաստանի և Չինաստանի միջև «Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» միջկառավարական համաձայնագրի ստորագրումից հետո: Դիվանագետի խոսքով, ներկայում համաձայնագիրն ակտիվորեն քննարկվում է Պեկինի և Երևանի կողմից, սակայն հստակ ժամկետ դեռ չկա: Դեսպանը հիշեցրեց, որ նման համաձայնագիր Չինաստանը ստորագրել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ մի շարք երկրների հետ:
 
«Հայաստանն ունի շատ լավ աշխարհագրական դիրք՝ միացնելով Հյուսիսն ու Հարավը, Արևմուտքն ու Արևելքը։ Սակայն միջազգային ավտոմոբիլային փոխադրումները բախվում են մի շարք խնդիրների», - ասաց Սինվեյը։
Դեսպանը Հայաստանի խնդիրներից է համարում ձգձգված շինարարությունը, Երևանի մեծ խցանումները, ինչը բացասաբար է ազդում բեռնափոխադրումների վրա:
Այս կապակցությամբ Պեկինը չի բացառում ապագայում Երևանի հետ ճանապարհաշինության ոլորտում համագործակցություն հաստատելու հնարավորությունը։ Դեսպանը խոստացավ Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում անել ամեն ինչ՝ ենթակառուցվածքների ոլորտում երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու համար:
Նա նախատեսում է իրականացնել լայնածավալ ծրագրեր, որոնք օգտակար կլինեն Հայաստանին և հայ ժողովրդին։
 
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Չինաստանը 2023 թվականից աշխատանքներ են տանում «Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Պեկինում համոզված են, որ համաձայնագիրը նախ և առաջ կզարգացնի և կխորացնի երկրների միջև տրանսպորտային փոխադրումներն ու հաղորդակցությունները:

  • Կիսվել: