չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանն ու Թուրքիան այժմ արձանագրություններ են փոխանակում Անիի պատմական կամրջի մասով․ Նախարար

Հայաստանն ու Թուրքիան այժմ արձանագրություններ են փոխանակում Անիի պատմական կամրջի մասով․ Նախարար

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար Թուրքիայի հետ սահմանը բացելու պայմանավորվածությունը վերահաստատել է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ:

Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:

Միրզոյանը հիշեցրեց, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մասնակիորեն՝ այսինքն` երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վերաբացել Հայաստան-Թուրքիա սահմանը:

Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև Անիի պատմական կամրջի համատեղ վերանորոգման մասին: «Հիմա արդեն կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում հենց Անիի կամրջի մասով, որ տեսնենք, թե ինչպես է այդ աշխատանքը հնարավոր ամենաօպտիմալ կերպով կազմակերպել: Ցավոք, մյուս պայմանավորվածությունը՝ մասնակի բացումը, մինչև այժմ իրականացված չէ: Թեև այս մասին պայմանավորվածությունը նաև նոր նախարարի հետ հնարավորություն ունեցա վերահաստատել»,-ասաց նախարարը:

Միրզոյանը հիշեցրեց, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակում հարցազրույցներ է տվել թուրքական լրատվամիջոցներին: «Մեզ համար կարևոր է խոսել և ներկայանալ ոչ միայն թուրքական կողմի պաշտոնյաների հետ, այլ նաև թուրք հասարակության հետ: Տեսնում ենք, որ հաճախ թուրքական հասարակությունում կան Հայաստանի և Հայաստանի որդեգրած քաղաքականության մասին պատկերացումներ, որոնք ամենևին չեն համապատասխանում իրականությանը: Եվ կարևոր են մեր դիրքորոշումներն, ընկալումներն՝ այդ թվում նաև Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերաբերյալ, ներկայացնել թուրք գործընկերներին, նաև հասարակությանը՝ առնվազն հասկանալի լինելու նպատակով»,-նշեց նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: