Երևանին ու Բաքվին պարբերաբար կոչ ենք անում խուսափել լարվածության աճից. Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան այցին՝ ասելով, որ ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահները հանգամանորեն քննարկել են Բաքվի և Երևանի հաշտության թեման։
«Այս հարցում մեր բոլոր ջանքերը համահունչ են ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ հատուկ դաշնակցային հարաբերությունների ոգուն, որոնք հիմնված են պատմական և մշակութային խոր կապերի և տարածաշրջանում ուժեղ անվտանգության համակարգ կառուցելու համատեղ ցանկության վրա:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հնարավոր աճին, ապա Երևանին և Բաքվին պարբերաբար կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, խուսափել իրավիճակը սրող ցանկացած գործողությունից: Բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,-նշել է նա:
Բացի այդ՝ Զախարովան նաև ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ պատրաստ է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին եռակողմ պայմանավորվածությունների բոլոր հարցերում։
«Հիշեցնեմ, որ հաշտության պայմանագրից բացի, պայմանավորվածությունների այս փաթեթը ներառում է նաև սահմանազատման, սահմանագծման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացման հարցերը: Եվ, իհարկե, մենք նաև ողջունում ենք մեր հարևանների, օրինակ՝ Ղազախստանի ջանքերն այս ուղղությամբ»,-նշել է նա:
Տեսանյութը՝ այստեղ:



