հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երևանի քաղաքապետը՝ Հայկ Մարությանի հետ հարաբերությունների ու Ալեն Սիմոնյանի մեքենայի մասին

Երևանի քաղաքապետը՝ Հայկ Մարությանի հետ հարաբերությունների ու Ալեն Սիմոնյանի մեքենայի մասին

Այսօր Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգյանն Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց, որ ինքը գոհ է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանից:

՛՛Մենք այն ծրագրերը, որ իրականացրել ենք, միասին ենք իրականացրել, այդ ծրագրերը թիմային աշխատանքի արդյունք էին։ Չենք կարող ասել, որ դա մեկ հոգու արժանիքն է՛՛,-նշեց նա։

Սարգսյանի խոսքով՝ ինքը Հայկ Մարությանի հետ նորմալ, գործընկերային հարաբերություններ է ունեցել և կարծում է, որ գործընկերային հարաբերությունները կշարունակվեն։ ՛՛Ես ենթադրում եմ, որ ինչ-որ զանգեր եղած կլինեն, եթե պարոն Մարությանն ասել է։ Բայց այն գործողությունները, որոնք միջնորդել են անել, չեմ կարող ասել՝ իրավաչափ է, թե ոչ՛՛,–ասաց նա։

Հրաչյա Սարգսյանը նշեց, որ քաղաքապետի որոշ տեղակալներ որոշում ունեն, որ պետք է հեռանան, Լևոն Հովհաննիսյանը կընտրվի որպես առաջին տեղակալ։ Նա հստակեցրեց, որ ինքը չի ասել, որ հեռանան, այլ տեղակալները Հայկ Մարությանի հետ են եկել և որոշել են հեռանալ։

Խոսելով, մասմավորապես,  տեղակալներից Կամո Արեյանի հետ աշխատելու մասին՝ նա ընդգծեց, որ այդ հարցը դեռ կքննարկեն։ Քաղաքապետի խոսքով՝ Տրանսպորտի վարչության, շինբարեկարգման վարչության ղեկավարները դիմում են ներկայացրել, որ հեռանան, սակայն, չնայած դրան, ըստ Սարգսյանի, կարդային ջարդ, որպես այդպիսին, չկա, բայց պետք է ոչ թե ձևին ուշադրություն դարձնեն, այլ՝ բովանդակությանը։

Սարգսյանի կարծիքով՝ Երևանի քաղաքապետարանում ինստիտուցիոնալ փոփոխություններ պետք է իրականացնեն զուտ կառավարման տեսանկյունից, քանի որ քաղաքացիների և քաղաքապետարանի միջև խզվածություն կա։

Այս առնչությամբ նա նշեց. ՛՛Ես կարծում եմ, որ այն աշխատանքը, որը կիրականացնեմ, քաղաքացիները կտեսնեն քաղաքը լա՞վ եմ կառավարում, թե լավ չեմ կառավարում՛՛:

Երևանի քաղաքապետն անդրադարձավ նաև ԱԺ նախագահի համար գնված նոր ավտոմեքենային: Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Ես կարծում եմ, որ ժամանակավրեպ էր այդ մեքենայի ձեռքբերումը, թե կոնկրետ ինչ մեքենա պետք է լինի, ինչ մակնիշի, կարծում եմ, որ դա քննարկման առարկա պետք է լինի։ Ես չգիտեմ՝ այդ ծախսն իրականացնելը որքանո՛վ էր արդյունավետ, որքանով՝ ոչ, դրան պետք է կառավարչական գնահատական տալ՛՛։

Սարգսյանն ասաց, որ ինքը մեքենա վարել չգիտի և ծառայողական մեքենայից կշարունակի օգտվել։ Նա նշեց նաև, որ պարգևավճարներ չի ստանալու, բայց նախկինում, երբ աշխատավարձերը ցածր էին, ստացել է պարգևավճարներ։

Սարգսյանն ասաց նաև, քաղաքապետ դառնալու առաջարկը միանգամից չէ ընդունել. ՛՛Հայկ Մարությանի հետ նաև զրուցել եմ, և նա ասեց՝ ինչ որոշում էլ ընդունես, ես կընդունեմ՛՛:

  • Կիսվել: