կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Երևանի և Հռոմի միջև ստորագրվել է «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր

Երևանի և Հռոմի միջև ստորագրվել է «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր

Պաշտոնական այցով Իտալիայի մայրաքաղաք այցելած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերիի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

Կարևորելով երկու երկրների միջև առկա տնտեսական ու մշակութային ամուր կապերը` կողմերը համոզմունք են հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջև հաստատվող գործակցությունը ևս զարգացման և ընդլայնման մեծ հեռանկար ունի:  

Ռոբերտո Գուալտիերիին ներկայացնելով Երևանի զարգացման ծրագրերը` Տիգրան Ավինյանը նշել է, որ նախաձեռնված բարեփոխումների հիմքում հիմնարար լուծումներ առաջարկելն ու բնակիչների համար հարմարավետ միջավայրի ապահովումն է:
Պաշտոնական ձևաչափով հանդիպմանը հաջորդել է «Բարեկամության և համագործակցության» համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:
Ստորագրված փաստաթղթով գործակցություն կծավալվի քաղաքային կառավարման, շրջակա միջավայրի պաշտպանության, կրթության ու մշակույթի և մի շարք այլ ոլորտներում: 

Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հռոմի գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Երևան:

 

  • Կիսվել: