երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի ՀՀ քաղաքացի չհանդիսացող ավելի քան 14 հազար մարդ

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի ՀՀ քաղաքացի չհանդիսացող ավելի քան 14 հազար մարդ

Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների ընտրողների ցուցակները կազմելու և վարելու աշխատանքները։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ասուլիսի ընթացքում Ղազարյանը ներկայացրեց, որ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ երկու անգամ հրապարակվել է ընտրողների ցուցակ՝ նախնական և վերջնական:

«Նախնական ցուցակը հրապարակվել  է օգոստոսին, և ունեցել ենք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 823 հազար 859 ընտրող, իսկ վերջնական ցուցակները հրապարակվել են սեպտեմբերի 9-ին և ճշգրտումների արդյունքում ընտրողների վերջնական թիվը կազմել է 824 հազար 250: Այս ընթացքում եղել են հասցեների փոփոխություններ, կարող են լինել մարդիկ, ովքեր տեխնիկական պատճառներով չեն եղել ընտրացուցակներում։  Նրանք հայտնում են այդ մասին տարածքային անձնագրային ծառայություններին, և կատարվում են համապատասխան փոփոխություններ ընտրողների ռեգիստրում»,- ասաց Արմեն Ղազարյանը:

Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի երկրորդ կետի երրորդ ենթակետի համաձայն՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն տվյալ համայնքում վեց ամսվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիները, և մինչև քվեարկության օրը առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող, տվյալ համայնքում բնակվող, բայց քաղաքացիություն չունեցող անձինք: Տվյալ պարագայում «քաղաքացիություն չունեցող անձ» եզրույթի տակ Ընտրական օրենսգիրքը նկատի ունի օտարերկրացիների բոլոր կատեգորիաները: Կարող են լինել տարբեր հիմքերով կացության կարգավիճակներ ունեցող օտարերկրացիներ, փախստականի կարգավիճակ ունեցող անձինք, քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ունեցող անձինք:

«Մեր գործառույթի տեսանկյունից մենք տրամադրել ենք նաև թեկնածուներին համապատասխան տեղեկանքներ, որպեսզի նրանք կարողանան իրացնել իրենց ընտրվելու իրավունքը։  Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից  տրամադրվել է 900 նմանատիպ տեղեկանք: Անճշտությունների մասով նշեմ, որ ընդհանուր առմամբ ոստիկանության գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվել է անճշտությունների ստուգում: Ներքին գործերի նախարարի համապատասխան հրամանով ոստիկանության ստորաբաժանումները այցելել են տարածքային հասցեներ, կատարել են ստուգումներ և անհամապատասխանեցման բացահայտումներ, և, Միգրացիայի  ու քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային ստորաբաժանումների հետ համագործակցությամբ, իրականացվել են փոփոխություններ ընտրացուցակներում»,- պարզաբանել է նա:

Ղազարյանը մանրամասնեց, որ հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 381 անճշտություն, որոնցից 225-ը եղել է մահացած անձանց տվյալների հայտնաբերումը:

«Մահացած անձանց տվյալները ընտրացուցակներում մնում են հիմնականում այն պատճառով, որ Հայաստանի տարածքից դուրս է մահանում Հայաստանի քաղաքացին, մինչդեռ աճյունի տեղափոխումից հետո անհրաժեշտ է, որպեսզի հարազատներն այստեղ ստանան մահվան վկայական: Մահվան վկայականի ստացման դեպքում անճշտություններ չեն լինում: Ունենում ենք նաև դեպքեր, երբ հարազատները գալիս են, հուղարկավորություն իրականացնում, բայց մահվան վկայականը ձեռք չեն բերում: Այդ պարագայում մենք կարող ենք ունենալ նմանատիպ խնդիրներ»,- ասաց նա:

Մնացած անճշտությունները հիմնականում եղել են տեխնիկական բնույթի: Օրինակ ՝ անձն իր անուն-ազգանունը չի հայտնաբերել ընտրացուցակում կամ որևէ այլ տեխնիկական պատճառով չի ընդգրկվել ընտրացուցակում: Դրանք ևս ճշգրտվել են:

«2018 թվականի Երևանի ավագանու ընտրություններում մենք ունեցել ենք ընդհանուր առմամբ 840 հազար 602 ընտրող, որից 7741-ը եղել են ոչ Հայաստանի քաղաքացի: Այս դեպքում 824 հազար 250-ից Հայաստանի քաղաքացի չեն 14653-ը: Փոփոխությունները տեղի են ունեցել դեռ 2007 թվականին, որովհետև շատ է խոսվել օտարերկրացիների քվեարկության մասին: Նշված թվականից Ընտրական օրենսգրքում ուժի մեջ են մտել փոփոխությունները, ինչը պայմանավորված է եղել 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով, և առնվազն մեկ տարի տվյալ համայնքում հաշվառված օտարերկրացիներին տրվել է ՏԻՄ-երում ընտրելու հնարավորություն: Դեռևս 2000 թվականից ՏԻՄ ընտրություններում ընտրական իրավունք են ունեցել փախստականները»,- նշեց Արմեն Ղազարյանը:

Շատ է խոսվում նաև այն խնդրի մասին, որ կոնկրետ հասցեներում կան մեծաթիվ անձանց հաշվառման առկայության փաստեր: «Բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքով և կառավարության թիվ 1231 որոշման համաձայն՝ տվյալ հասցեում հաշվառումն իրականացվում է կամ սեփականատիրոջ համաձայնությամբ, կամ ոստիկանության կողմից ստուգման արդյունքում: Անձը դիմում է ներկայացնում՝ ցանկանալով հաշվառվել որևէ հասցեում, դրա համար անհրաժեշտ պայմանը կամ սեփականատիրոջ համաձայնությունն է, կամ փաստացի հաշվառման պարագայում ոստիկանության  աշխատակցի կողմից տրվող համապատասխան տեղեկանքը: Որևէ օրենսդրական սահմանափակում չկա, թե կոնկրետ հասցեի վրա որքան անձ կարող է հաշվառված լինել»,- պարզաբանեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը:        

  • Կիսվել: