երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Քաղաքապետը Երևանի ավագանու նիստի օրակարգից 5 հարց հանեց

Քաղաքապետը Երևանի ավագանու նիստի օրակարգից 5 հարց հանեց

Երևանի նորընտիր ավագանին գումարել է իր 1-ին նստաշրջանի երկրորդ նիստը: Ի սկզբանե օրակարգում ընդգրկված էր 19 հարց, որից զեկուցվող էր միայն 6-ը: Սա առաջացրեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանի դժգոհությունը։ Նա հայտարարեց, որ չպետք է չզեկուցվող հարցեր լինեն։ Հայտարարվեց ընդմիջում, որի ընթացքում վիճաբանություն տեղի ունեցավ «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի և ավագանու ընդդիմադիր անդամների միջև։
 
Ընդմիջումից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ օրակարգից 5 հարց դուրս է գալիս, քանի որ ավագանին բավական ժամանակ չի ունեցել դրանք ուսումնասիրելու համար։
 
«Օրակարգի նախագծից հանում եմ 9–րդ, 10–րդ, 14–րդ, 18–րդ և 19–րդ հարցերը»,–ասաց Ավինյանը։
 
Նրա խոսքով` հարցերից 2–ը վերաբերում են հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն։ Հանձնաժողովում քննարկումների ընթացքում ի հայտ են եկել որոշակի մտահոգություններ հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
Ավինյանը պարզաբանեց, որ Երևանի ավագանուն հնարավորություն կտրվի մանրամասն ուսումնասիրելու հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու պրոցեսը և փուլերը։ Օրակարգի նախագծից դուրս եկած հարցերից մեկը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի կառուցվածքին։ Նախագիծը շատ սեղմ ժամկետներում է ուղարկվել ավագանուն։
 
Նա նշեց, որ նախագծով որոշակի օպտիմալացումներ են սպասվում, որոշ վարչությունների փակում կամ միավորում։ Հարցերից մեկն էլ վերաբերում է գույքն անհատույց օտարելուն, մյուսը` ընդունված որոշումներից մեկում փոփոխություն կատարելուն։
Օրակարգում մնաց ընդգրկված 14 հարց։

  • Կիսվել: