շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց Հայաստանում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին․ Փաշինյան

Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց Հայաստանում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին․ Փաշինյան

Հայաստանի կառավարությունը շարունակելու է աջակցել Երևանի քաղաքապետին ու ավագանուն՝ իրականացնելու այն ծրագրերը, որոնք միասին նախանշել են դեռ 2017-2018 թվականներին: Այս մասին Երևանի ավագանու հանդիսավոր նիստի ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  շնորհավորելով Հրաչյա Սարգսյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ ու հաջողություններ մաղթելով ավագանու հետագա աշխատանքներին:

«Ուզում եմ շնորհավորել նաև Երևանի ավագանուն, քանի որ իմ համոզմունքն այն է, որ մեր օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը պետական ինստիտուտների կայացումն է: Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններով՝ Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ այն ծրագիրը, որը 2018 թվականից իրագործվում է Երևանում, «Իմ քայլը» դաշինքի, ինչպես նաև ավելի վաղ գործած «Ելք» դաշինքի նախընտրական ծրագիրն է:

«Դեռ 2018 թվականին, երբ Երևանի ավագանու ընտրություններ էին տեղի ունենում հեղափոխությունից անմիջապես հետո, մեր կարևորագույն տեսլականն ու արձանագրումը եղել է այն, որ ընտրություններից հետո պետք է իրականացվի այն նախընտրական ծրագիրն ու ծրագրի հիմնադրույթները, որոնք դեռ 2017 թվականին «Ելք» դաշինքը դրել է Երևանի ընտրողների առաջ և ավելի քան 20 տոկոս ձայն է ստացել»,- ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ այս ընթացքում ՀՀ կառավարությունն էական ու արդյունավետ աջակցություն է ցուցաբերել Երևանի քաղաքապետարանին՝ ֆինանսական տարբեր գործիքներով շուրջ 50 մլրդ դրամի հատկացումներ անելով:

Ելույթի ավարտին Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ավագանու անդամներին քաղաքական սկզբունքայնության համար՝ նշելով, որ դա շատ էական է տեղական ինքնակառավարման մարմինների ու պետական ինստիտուտների կայացման ճանապարհին:

  • Կիսվել: