շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երեկ ես հայտնեցի իմ կարծիքը Միշիկի գրառումների հետ կապված, կարծես թե, բավականին ցավոտ է եղել․ Հրաչյա Հակոբյան

Երեկ ես հայտնեցի իմ կարծիքը Միշիկի գրառումների հետ կապված, կարծես թե, բավականին ցավոտ է եղել․ Հրաչյա Հակոբյան

ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը անդրադարձել է որոշ լրատվականների իր անվան հետ կապված մաքսանենգ ճանապարհով Ռուսաստանից մի ինքնաթիռ ծխախոտ ներմուծելու լուրերին:

Նա հավաստել է, որ հրապարակվածը ծայրից ծայր սուտ է: Հակոբյանը, մասնավորապես, գրել է․

«Այդ տեղեկատվության հետ կապված բոլոր այն հատվածներում, որտեղ շոշափվում է իմ անունը ամբողջությամբ սուտ է: Հարկ եմ համարում նաեւ հայտնել իմ կարծիքը այդ սուտ լուրը տարածելու հետ կապված: Երեկ ես հարցազրույցներիցս մեկում հայտնեցի իմ կարծիքը Միշիկի (Միքայել Մինասյան) ֆեյսբուքյան գրառումների հետ կապված: Ու, կարծես թե, բավականին ցավոտ է եղել թաքստոցում առանց այն էլ նեղ վիճակում գտնվող այդ անձնավորության համար իմ մոտեցումը: Իսկ մոտեցումը հետեւյալն էր, որ, եթե նա այդքան մտահոգված է Հայաստանի ապագայով, եւ, ինչպես ինքն է նշում, այս իշխանությունը խաբում է ժողովրդին, կամ հողերը փուլ առ փուլ հանձնելու ծրագիր ունի, թող հանուն Հայաստանի բարեկեցության եւ անվտանգության, վերադառնա Հայաստան հարկ եղած դեպքում հանուն իր գաղափարի մի որոշ ժամանակ անց կացնի անազատության մեջ, հետո դուրս գա, եւ ինչպես թաքստոցից է կոչ անում, որպեսզի քաղաքական էլիտան համախմբվի, թող հենց ինքը համախմբի եւ երկիրը դուրս բերի այս «ծանր, կործանիչ» իրավիճակից: Ու սա է եղել էն ցավոտ պահը, որից հետո այսօր այդ ՍՈՒՏ լուրը սկսեցին տարածել որոշ լրատվականներ»:

Նշենք, որ շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին ՌԴ ԱԴԾ աշխատակիցները, մաքսային ծառայության հետ միասին, Կրասնոդարի օդանավակայանում կալանավորել են մաքսանենգ ծխախոտի 40 տոննա ընդհանուր քաշով խմբաքանակ: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 2700 տուփ տարբեր ապրանքանիշների ծխախոտ՝ հայկական ակցիզով:

Ըստ սահմանապահների՝ այն Հայաստանից Աֆղանստան էր ուղևորվում ՝ Կրասնոդարում և Դուշանբեում կանգառներով։ Փաստաթղթերից նրանցից առգրավվել է կեղծված հաշիվ-ապրանքագիր ու հայտարարագիրը:

  • Կիսվել: