ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էրդողանի «թրի մնացորդներ» արտահայտությունը կրկին ինձ հարկադրեց մտորել Սևրի պայմանագրի շուրջ. Դանիելյան

Էրդողանի «թրի մնացորդներ» արտահայտությունը կրկին ինձ հարկադրեց մտորել Սևրի պայմանագրի շուրջ. Դանիելյան

ՀՀ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը սոցկայքի իր էջում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «թրի մնացորդներ» արտահայտությանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Էրդողանի «թրի մնացորդներ» արտահայտությունը, այն էլ՝ Առաջին Հանրապետության օրվան ընդառաջ, կրկին ինձ հարկադրեց մտորել Սևրի պայմանագրի շուրջ, որով Հայաստանը պետք է ունենար 160 հազար քառ. կմ, ինչը պայմանականորեն կոչվում էր սոսկ «Փոքր Հայաստան»։

Հասկանում եմ, որ այս պայմանագիրը վիճահարույց է ընկալվում, քանի որ սահմանված կարգով չի վավերացվել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այն գրեթե ամբողջությամբ կիրառվել է՝ բացառությամբ 6-րդ և 3-րդ բաժինների՝ համապատասխանաբար, Հայաստանի և Քրդստանի մասով։

Իսկապես, նախ, եթե մի պահ ընդունենք, որ այդ պայմանագիրն իրավական ուժ չունի, ապա առնվազն ի՞նչ փաստաթղթի հիմքով ենք ճանաչում Մեծ Մերձավոր Արևելքի պետությունների ներկայի սահմանները։

Վերջին հաշվով, գուցե առանցքային չհամարե՞նք Սևրի պայմանագրի վավերացման հարցը, քանի որ մինչև այդ պայմանագիրը կնքելը, իրավասու պետություններն արդեն իսկ, անկախ հետագա միջազգային իրավական հարաբերությունների կարգավորումից, Վուդրո Վիլսոնին (մասնագիտությամբ իրավագետ է եղել) լիազորել էին Իրավարար վճռով լուծելու Հայաստանի սահմանների հարցը, ինչն էլ արվել է (ստորագրվել է 1920 թ. նոյեմբերի 22)՝ Սևրի պայմանագիրը կնքելուց հետո (1920 թ. օգոստոսի 10-ին), ավելին՝ հաստատվել է Ազգերի լիգայում։

Այսպիսով, զուտ ժամանակագրական տեսանկյունից, Իրավարար վճիռը հաջորդում է Սևրի պայմանագրին, սակայն այն կայացնելու լիազորությունը նախորդում է դրա կնքմանը և այն ունի ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ իրավական ակտի արժեք։

Մի հարց էլ՝ Իրավարար վճիռը դժվար է դիտարկել, որպես փոխհատուցման իրավական աղբյուր, դրանում անգամ ակնարկ չկա դրա մասին, փոխհատուցման հարցերին անդրադաձ է արված հենց Սևրի պայմանագրով։

Իսկ թե ինչու իրավարար վճիռը մնաց թղթի վրա, որովհետև արդեն չկար իրավասուբյեկտ պահանջատեր երկիրը. Հայաստանը հեղափոխության արդյունքում արդեն դարձել էր բոլշևիկյան։

Հ.գ. «Ուզում եք վրեժխնդիր լինել թուրքից, կառուցեք հզոր Հայաստան» Պերճ Զեյթունցյան ...

 

 

  • Կիսվել: