չորեքշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2022
Երբ ստանձնեք Գլխավոր դատախազի պաշտոնը, պարտավոր եք լինել համառ չարի դեմ պայքարում․ Ալեքսանյանը՝ Վարդապետյանին

Երբ ստանձնեք Գլխավոր դատախազի պաշտոնը, պարտավոր եք լինել համառ չարի դեմ պայքարում․ Ալեքսանյանը՝ Վարդապետյանին

Մեր քաղաքացիներն ունեն արդարադատության և արդարության պահանջ, մենք ներկայացնում ենք նաև այդ քաղաքացիներին, և ես ինձ թույլ կտամ մեզ քվե տված քաղաքացիների անունից մի ընդհանրացված պատգամ փոխանցել ձեզ։ Այս մասին ԱԺ ամբիոնից ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դիմեց ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանին։

«Երբ ստանձնեք Գլխավոր դատախազի պաշտոնը, պարտավոր եք լինել համառ, աշխարհում երևէ ապրած ամենահամառ մարդը՝ չարի դեմ պայքարում։ Այդ չարը միշտ արթուն է, չարի ներկայացուցիչների ժանիքները միշտ սուր են։ Դուք եք, որ պետք  է խարտեք և տափակացնեք այդ ժանիքները»,- ընդգծեց Ալեքսանյանը։

Պատգամավորի խոսքով, ՀՀ քաղաքացին երկար է տառապել, երկար է զրկված եղել նույնիսկ իր հիմնարար իրավունքներից «Չմոռանաք, որ պարտավոր եք լինել թալանվածի, հարստահարվածի, ճնշվածի պաշտպանը և կեղեքողի, հարստահարողի և ճնշողի սարսափը։ Քաղաքացուն թալանել են, իր զինվոր որդու սպառազինության համար վճարված հարկերով էլիտար թաղամասերում  դղյակներ, սավաննաներում՝ Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի ուղեգրեր, գերէկզոտիկ խաղատներում խաղադրույքի «ֆիշկա» կոչվածներ ու չգիտեմ էլ ինչ են գնել»։

«Վերջում էկել են ու լավագույն դեպքում, երբ խղճով են գտնվել՝ պարզապես գնդակահարել են այդ քաղաքացուն, իսկ վատագույն դեպքում ծեծելով սպանել են  ինչ-որ մի սրճարանի զուգարանում։ Սա է այն չարը, որի դեմ պայքարի ենք ուղարկում Ձեզ։ Այդ ճանապարհին չընկճվեք, տուրք չտաք այն ամբողջ կեղտին, որը չարին սպասարկող լրատվամիջոցները միանշանակ լցնելու են Ձեր ուղղությամբ»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։

  • Կիսվել: