Երբ Իրանը հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, չի նշանակում, որ նկատի ունի Արցախը Ադրբեջանի կազմում. Իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը այսօր «Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում փորձեց պաշտպանել Իրանին:
Նա ասաց, որ երբ Իրանը հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, դա չի նշանակում, որ նկատի ունի Արցախը Ադրբեջանի կազմում: Նրա խոսքով, նման հայտարարություններից հետո Հայաստանում առաջացող անհանգստություններն անտեղի են:
«Պետք է հիշել, որ Արցախի Հանրապետությունը երբևիցե չի եղել Ադրբեջանի տարածքի մաս: Հետևաբար, երբ Իրանը հայտարարում է Ադրբջանի տարածքային ամբողջականության մասին, դա դեռ չի նշանակում, որ նկատի ունի Արցախի գոյությունն Ադրբեջանի ներսում։ Բացի այդ՝ Իրանը բազմազգ պետութուն է, որտեղ կան բազմաթիվ անջատողական շարժումներ։ Հետևաբար իրանական իշխանությունները որևէ պարագայում չեն խոսելու ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին, քանի որ կարող են բախվել, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանի խնդրի հետ, որը ենթադրում է Իրանի որոշակի մասի անջատում և հետագայում Ադրբեջանին միացում», - նշեց փորձագետը:


