չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Երբ 100 հազար հայ փախչում էին ԼՂ-ից Հայաստան, մեր դաշնակիցները ոչ միայն մեզ չէին օգնում, այլ իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում․ Փաշինյան

Երբ 100 հազար հայ փախչում էին ԼՂ-ից Հայաստան, մեր դաշնակիցները ոչ միայն մեզ չէին օգնում, այլ իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում․ Փաշինյան

Այն ժամանակ,երբ հարյուր հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստանի Հանրապետություն, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլեւ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Ստարսբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց Հայաստանի Հանրապետության ժողովուրդը համախմբվեց հանուն սեփական անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության եւ մեր պետության դեմ նյութված հերթական դավադրությունը ձախողվեց: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու ժողովուրդը համախմբվեցին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100 հազար հայերին ընդունելու, ապաստան տալու խնդրի լուծման շուրջ եւ պետք է արձանագրեմ, որ մենք այդ գործը պատվով կատարեցինք:

Այն աստիճան, որ միջազգային մեր գործընկերները խոստովանում են, որ իրենք չեն տեսել մի դեպք, երբ մեկ շաբաթում մի երկիր 100 հազար փախստական մտնի եւ այդ երկիրը կարողանա բոլորին ընդունել առանց փախստականների ճամբարներ եւ վրանային ավաններ հիմնելու»,- հայտարարեց Փաշինյանը:

«Մենք դա կարողացանք անել Հայաստանի ժողովրդի ու ժողովրդավարության շնորհիվ: Ժողովրդի, որովհետեւ երբեմն մարդիկ նույնիսկ չէին սպասում, թե կառավարությունն ինչ կանի: Իրենք էին բռնի տեղահանվածներին տրամադրում առաջին անհրաժեշտության ապրանքներ եւ անգամ ժամանակավոր կացարաններ: Շատերը նրանց պարզապես հյուրընկալելեն իրենց տներում:

Ժողովրդավարության, որովհետեւ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ազատ տնտեսվարման հետ կապված բոլոր խոչընդոտներն ու արհեստական մենաշնորհները վերացել են, աճել է կառավարության թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը, անհաշտ, սկզբունքային եւ ինստիտուցիոնալ պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, հաստատվել է օրենքի գերակայություն եւ այս ամենի շնորհիվ Հայաստանը, չնայած տեղի ունեցած արհավիրքներին եւ սպառնալիքներին, շարունակում է գտնվել բարձր տնտեսական աճի գոտում եւ մեր երկրում 2018 թվականից ի վեր բյուջեի հարկային եկամուտները աճել են շուրջ 70 տոկոսով:

Այսօր արդեն կայացված եւ ուժի մեջ մտած որոշումներով մենք շուրջ 100 միլիոն դոլար պետք է հատկացնենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու համար: Եւ մենք միջազգային օգնության կարիք ունենք, այդ թվում բյուջետային աջակցության տեսքով: Ավելորդ չեմ համարում ընդգծել, որ մենք ստեղծել ենք բռնի տեղահանվածներին աջակցելու այնպիսի մեխանիզմ, որ նրանց հատկացվող միջոցները փոխանցվում են անկանխիկ, այսինքն՝ միջոցների բաշխումը թափանցիկ է, ստուգելի եւ հետագծելի եւ համակարգը շարունակելու է այդպես գործել»,-ասաց նա:

Փաշինյանը շնորհկալություն հայտնեց ՀՀ միջազգային գործընկերներին, ԵՄ-ին եւ անդամ երկրներին, որոնք արդեն հատկացումներ են արել եւ/կամ կշարունակեն անել Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար:

  • Կիսվել: