երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
ԵՄ-ն կոչ է արել սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում հարգել 1991 թվականի սահմանագիծը

ԵՄ-ն կոչ է արել սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում հարգել 1991 թվականի սահմանագիծը

Եվրամիությունը դատապարտում է ապրիլի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Տեղ գյուղում տեղի ունեցած բախումները, որոնց հետևանքով երկու կողմերից էլ կան զոհեր և վիրավորներ: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտական ծառայության տարածած հայտարարության մեջ:

«Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում պետք է հարգել 1991 թ.-ի գիծը, կողմերից յուրաքանչյուրի ուժերը պետք է դուրս բերվեն այս գծից անվտանգ հեռավորությունների վրա՝ կանխելու միջադեպերի կրկնությունը», - ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալին:

Դիվանագետը հավելել է, որ կողմերը պետք է ակտիվացնեն սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները:

«Նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, այդ թվում՝ Պրահայում 2022 թ.-ի հոկտեմբերին ստանձնած պարտավորությունները՝ կապված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ՝ համաձայն 1991 թ.-ի Ալմա Աթայի հռչակագրի: ԵՄ-ն նաև կոչ է անում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստ է աջակցել այդ գործընթացին», - նշված է հայտարարության տեքստում:

Եվրամիությունը դարձյալ կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և վեճերը լուծել խաղաղ ճանապարհով:

«ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ», - նշվում է ԵՄ հայտարարությունում:

  • Կիսվել: