կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
ԵՄ-ին անդամակցելը բնականաբար լավ բան է, սակայն պետք է հաշվի առնել գետնի վրա իրողությունները, օրինակ՝ աշխարհագրությունը․ Զոհրաբ Մնացականյան

ԵՄ-ին անդամակցելը բնականաբար լավ բան է, սակայն պետք է հաշվի առնել գետնի վրա իրողությունները, օրինակ՝ աշխարհագրությունը․ Զոհրաբ Մնացականյան

Եվրոպական միությանն անդամակցության նպատակով դիմելը զուտ մեխանիկական գործընթաց է, և այստեղ կարևոր հարցը դրանից առաջ ազգային համաձայնության գալն է այս հարցի շուրջ, այս մասին «Երևանյան երկխոսություն» 2024 միջազգային համաժողովի «Գլոբալ կարգը մշտական փոփոխությունների ժամանակ. լուծումների որոնում» խորագրով պանելային քննարկմանն ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք Հայաստանը հիմա պետք է դիմի ԵՄ անդամակցության համար։

«Հիմնարար հարցը վերաբերում է ազգային համաձայնություն կառուցելուն, կազմակերպման սկզբունքներին այն երկրում, որը [կարևորում է] այնպիսի արժեքներ, ինչպիսիք են կոլեկտիվ ազատությունը, ինքնիշխանությունը և այն սկզբունքները, որոնց հիման վրա տվյալ երկրում քաղաքական, տնտեսական կյանքը կազմակերպվում է։ Եվ դրանց հիման վրա արտաքին քաղաքականությունը գործիք է՝ կոնսոլիդացնելու համար պետական առաջնահերթությունները, որոնք վերաբերում են տվյալ երկրին»,- ասաց նա։

Զոհրաբ Մնացականյանը խորապես վստահ է, որ Հայաստանի դեպքում ժողովրդավարությունը պարզապես քաղաքական համակարգի ընտրություն չէ, դա, ի շարս այլ բաների, նաև անվտանգության հարց է։

«Այո՛, անձամբ ես նախընտրում եմ լինել ազատ, ցանկանում եմ, որ մեր հանրային կյանքում մյուսների հետ իմ հարաբերություններում ես կառավարվեմ օրենքի գերակայությամբ։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցության դիմումին, ապա հարցն այնքան զուտ այդ գործողության մասին չէ, որքան շրջանակներ, արտաքին քաղաքականություն, ընդլայնված ներգրավվածություն ստեղծելու մասին, որոնք աջակցում են մեր պետական առաջնահերթություններին»,- հավելեց նա։

Նախկին արտգործնախարարը նշեց, որ ԵՄ-ին անդամակցելը բնականաբար լավ բան է, սակայն պետք է հաշվի առնել գետնի վրա իրողությունները, օրինակ՝ աշխարհագրությունը։ «Մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը։ Աշխարհագրությունն իր իրողություններն ունի։ Այնպես որ, պետք է համադրենք մեկը մյուսի հետ և արտաքին քաղաքականության հարցում ըստ այդմ մշակենք ռազմավարական մոտեցում, որը համադրում է առկա իրողությունները»,-  նշեց նա։

  • Կիսվել: