երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ երկրների շարքում Գերմանիան Հայաստանի համար թիվ մեկ առևտրային գործընկերն է. Միրզոյան

ԵՄ երկրների շարքում Գերմանիան Հայաստանի համար թիվ մեկ առևտրային գործընկերն է. Միրզոյան

«Աշխարհի խաչմերուկ» Հայաստանի նախաձեռնությունը օգուտ կբերի բոլորին։ Այս մասին այսօր Երևանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա արձանագրել է, որ տարին հագեցած է եղել հայ-գերմանական երկխոսության շրջանակներում հանդիպումների առումով. տեղի են ունեցել այցելություններ, հեռախոսազրույցներ, հանդիպումներ միջազգային հարթակներում։

«Ինտենսիվ այցելությունները լավ հնարավորություն են տալիս զարգացնելու օրակարգը։ Մենք քննարկել ենք մի շարք հարցեր։ Գոհունակությամբ արձանագրել ենք մի շարք ոլորտներում համագործակցության խորացումը։ ԵՄ երկրների շարքում Գերմանիան Հայաստանի համար թիվ մեկ առևտրային գործընկերն է»,- նշել է Միրզոյանը։ Նա հայտնել է, որ իր գործընկերոջը ներկայացրել է բարեփոխումներն ու ԵՄ աջակցությունն այս ուղղությամբ։ Կողմերը քննարկել են էներգետիկ ծրագրերը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությունը «Սևծովյան էլեկտրական մալուխ» ծրագրին։

Նախարարը նշել է տարածաշրջանում իրավիճակի բարելավմանն ուղղված Գերմանիայի ջանքերն ու սկզբունքային դիրքորոշումը։

Խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար հայերի արտագաղթին նախորդել է բազմամսյա շրջափակումը։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության հետեւանքները վերացված չեն, գերիները դեռ Բաքվում են։

Չնայած ոչ բոլոր թվարկվածներին, Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին, վստահեցրել է Միրզոյանը։ Այս ամենը արտացոլված է Գրանադայում ընդունված հայտարարության մեջ, և խաղաղության համաձայնագրի հիմքում պետք է դրվի երեք սկզբունք՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա, սահմանազատում և սահմանագծում՝ ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, ինքնիշխանության, փոխադարձության և իրավահավասարության սկզբունքների վրա հիմնված հաղորդակցությունների ապաշրջափակում։ «Վերջին կետն այն է, ինչ Հայաստանում անվանում ենք «Աշխարհի խաչմերուկ», և դա օգուտ կբերի բոլորին»,- ասել է Միրզոյանը՝ շնորհակալություն հայտնելով Գերմանիայի կառավարությանը մարդասիրական օգնության համար։

  • Կիսվել: