շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵՄ դեսպանն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ներկայացուցիչը գնահատել են Հայաստանի ՆԳ նախարարության տիրույթում գտնվող ոլորտների բարեփոխումների ընթացքը

ԵՄ դեսպանն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ներկայացուցիչը գնահատել են Հայաստանի ՆԳ նախարարության տիրույթում գտնվող ոլորտների բարեփոխումների ընթացքը

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի կարծիքով՝ ՀՀ-ում ներքին գործերի նախարարության տիրույթում գտնվող ոլորտների բարեփոխումները տեղի են ունենում թափանցիկ և բաց գործընթացի շրջանակում՝ արձանագրելով բարձր արդյունքներ։

 Վասիլիս Մարագոսը «ՆԳՆ բարեփոխումներին ընդառաջ․ ընթացիկ զարգացումներ և հեռանկարներ» խորագրով քննարկման ժամանակ նշեց, որ նորաստեղծ նախարարության կողմից արդեն իսկ արված աշխատանքը վկայում է այն մասին, որ ներառական և համագործակցային մոտեցումը բոլորի համար շատ կարևոր է։

«Այդուհանդերձ, աշխատանքը կանգ չի առնում, քանզի դեռ կան բազմաթիվ մարտահրավերներ։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել հայկական կողմին իր փորձագիտական ներուժով և կարողություններով, առավել ևս, որ հանդիսանում է տվյալ գործընթացի հանձնառուներից մեկը»,- ասաց Մարագոսը։

Նրա դիտարկմամբ՝ բարեփոխումների հաջողությունը կախված է մի քանի հիմնարար գործոններից, որոնցից հիմնականն առաջնորդությունն է, և այդ համատեքստում Մարագոսը բարձր գնահատեց վերջերս ԱՄՆ դեսպանի այցը Սյունիքի մարզ, ինչն, ըստ էության, բարեփոխումների գործընթացի ելակետն է։ Թափանցիկ, ներառական հաղորդակցությունը շահագրգիռ անձանց ակտիվ ներգրավումը, կարողությունների ու ներուժի զարգացումը, ռեսուրսների արդյունավետ կառավարումը, հաշվետու գործելակերպն ու վերահսկողության կուռ համակարգը ոստիկանական ծառայության, ինչպես նաև նախարարության մյուս բոլոր ուղղություններով կատարվող արդյունավետ գործողությունների հիմնական բաղադրիչներն են։

«Որոշ ոլորտներում տակավին կան մարտահրավերներ, սակայն իրական հաջողության հասնելու համար կարևոր են վճռորոշ գործողությունները։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի հոսքը դեպի Հայաստան ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ամրացնել պետական կառույցները։ ԵՄ-ն մեծապես կարևորում է հստակ և թափանցիկ հաղորդակցությունը՝ կապված բարեփոխումների հետ, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում ՝ քաղհասարակությունը և միջազգային գործընկերները լավ տեղեկացված լինեն։ Համապարփակ հաղորդակցության ռազմավարությունը կարևոր է քաղաքացիների կարիքները բավարարելու համար»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Մարագոսի կարծիքով՝ բարեփոխումների օրենսդրական պահանջն այն մշակույթի սերմանումն է, որը կխթանի ֆունկցիոնալ ուսումնառությունը ՆԳ նախարարության ներսում, ինչը կարելի է անել բազմաբնույթ մեխանիզմներով՝ սկսած իրավական լուրջ հիմքերից, վերջացրած կրթահամալիրի գործունեությամբ։ Նա տեղեկացրեց, որ ԵՄ-ն պատրաստ է խորացնել ուսումնական դասընթացներն ու գիտելիքի փոխանակման ծրագրերը՝ նշված ոլորտում կիրառելով եվրոպական այլ գործիքներ։  

«Եվրամիության աջակցության շնորհիվ արդեն իսկ իրականացվել են մի շարք նախաձեռնություններ, այդ թվում՝ հաշվետու կառույցների ու ՄԱԿ-ի կողմից Մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի միջոցով այլ գործընկերների մասնակցությամբ։ Ոստիկանության, իսկ այժմ նաև ներքին գործերի նախարարության կարողությունները շարունակաբար բարելավվել են, և այդ առումով շոշափելի արդյունքները տեսանելի դարձան նախորդ շաբաթվա ընթացքում, երբ մեկնարկեց պարեկային ոստիկանության վերջին բաղադրիչը՝ բավարարելով համազգային ծածկույթ։ ԵՄ-ի կողմից պարեկային ոստիկանության 75 մեքենաների գնումն ու առաքումը ՀՀ մարզեր նույնպես կարևոր հանձնառություն էր։ ԵՄ-ն կշարունակի ապահովել իր ներգրավվածությունը բարեփոխումներին առնչվող այլ ծրագրերով, որոնք կնպաստեն ՆԳՆ համակարգի ինստիտուցիոնալ ուժեղացմանը»,- ասաց Մարագոսը։

ԵՄ պատվիրակության ղեկավարը հայտնեց, որ նախորդ ուրբաթ Եվրախորհրդի հերթական ժողովի ընթացքում եվրոպական երկրների ղեկավարները խնդրել են, որ կառույցի արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և ԵԽ-ն ներկայացնեն Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու տարբերակներ։ Այդ համատեքստում մոտակա շաբաթներին նախատեսվում է կազմակերպել քննարկում և պարզել ոլորտներն ու դրանցում սերտ համագործակցության հնարավորությունները։ Մարագոսը խոստացավ ավելի ինտենսիվ դարձնել երկխոսությունը՝ ներկայացնելով ԵՄ-ի լավագույն փորձը։  

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր հերթին նշեց, որ ՀՀ ՆԳ նախարարությունը մեծ պատասխանատվություն է կրում իրականացվող բարեփոխումների համար, հետևաբար շատ կարևոր է, որ հետայսու նույնպես դրանց աջակցությունը համակարգվի նախարարության ու միջազգային գործընկերների միջև։

«ՀՀ ՆԳ նախարարությունը կարևոր բարեփոխումներ է առաջնորդում, որոնք այս պահին իրականացվում են երկրում։ Մենք բարձր ենք գնահատում առկա համագործակցության գործընթացները, որոնք համակարգվում են ոստիկանության աշխատանքային խմբի և անձամբ ՆԳ փոխնախարարի գլխավորությամբ։ ԵՄ-ի հետ երկխոսությունն ավելի է ընդլայնվում՝ հասնելով որակապես նոր մակարդակի։ Եվրամիությունը այս բարեփոխումների գործում Հայաստանի առաջատար գործընկերն է։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի անունից, ներառյալ մեր մյուս երկու գործակալությունների՝ Երեխաների ու Բնակչության հիմնադրամների, ինչպես նաև ԵԱՀԿ-ի անունից հայտնում եմ մեր հավատամքն առ այն, որ մեր հավաքական ներդրումն ու աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին կշարունակվի, և հետագայում տեսանելի կլինեն նաև այլ շոշափելի արդյունքներ»,- ասաց Նացվլիշվիլին։

Նրա կարծիքով՝ թեև ՀՀ ՆԳ նախարարությունը նորաստեղծ մարմիններից է, այդուհանդերձ, ունի մարտահրավերներով պայմանավորված բազում պարտականություններ, ուստի պետք է լուծի բարդ, համալիր հիմնախնդիրներ և այդ ճանապարհին արդեն իսկ ցուցադրում է հավակնոտ ակնկալիքներ։

«Վերջին մի քանի շաբաթներին տեսել ենք, որ Հայաստանում շատ բարդ ժամանակներ են։ Նախարարությունը և իր ենթակայության ներքո գործող ծառայությունները կարողացել են արհեստավարժ կերպով արձագանքել խնդիրներին, կառավարել և ընդունել ավելի քան 100 հազար փախստականների ներհոսքը Հայաստան։ Այդ ընթացքում Հայաստանի ներքին գործերի նախարարությունը կատարել է նաև իր հանապազօրյա գործառույթները։ Պարեկային ծառայությունն արդեն գործում է ողջ երկրի տարածքում։ Կարևոր բարեփոխումների իրականացումից կարճ ժամանակ անց տեսնում ենք, որ արդեն կա տպավորիչ վիճակագրություն, որի համաձայն՝ Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է, իններոդը հանցագործության համեմատաբար ցածր ցուցանիշներով։  Ոլորտի բարեփոխումներն, անշուշտ, պետք է շարունակվեն՝ ապահովելով թափանցիկություն, իրազեկվածություն, խորհրդակցություն հանրության հետ, ինչպես նաև ներգրավեն ավելի մեծ թվով կին ծառայողների։ Սպասվում է շատ մեծ աշխատանք, ուստի անհրաժեշտ են համահունչ գործողություններ շահագրգիռ բոլոր կողմերից»,- եզրափակեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան ներկայացուցիչը։

  • Կիսվել: