շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԵՄ դեսպանատունը 2018-ին մարդու մազ ծռվելու դեպքում օրվա մեջ մի քանի հայտարարություն էր տարածքում,  հիմա լուռ է․ Վարդևանյան

ԵՄ դեսպանատունը 2018-ին մարդու մազ ծռվելու դեպքում օրվա մեջ մի քանի հայտարարություն էր տարածքում, հիմա լուռ է․ Վարդևանյան

Հունիսի 3-ին հենց այս հատվածում, ԵՄ գրասենյակի անմիջական հարևանությամբ ժողովրդի վրա կիրառվեց լուսաձայնային նռնակ: Այս մասին ԵՄ գրասենյակի դիմաց «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբկցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Ես կարծում եմ՝ սա նաև այս իշխանությունների հերթական ամոթալի էջերից մեկն է: Զարմանալին այն է, որ ԵՄ դեսպանատունը դրա մասին չի խոսում: Չի խոսում տասնյակ հարյուրավոր վնասվածքներ ստացած քաղաքացիների մասին, չի խոսում, որ խաղաղ հավաքի նկատմամբ նռնակ է օգտագործվել»,-ասաց նա:

Նա նշեց, որ ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակները կիրառվել են առանց նախազգուշացման։

«Անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառման հետևանքով խաղաղ հավաքի մասնակից հարյուրավոր քաղաքացիներ, որոնց թվում կային նաև կանայք և տարեցներ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Վնասվածք ստացածների մի հատվածն է դիմել բուժօգնության։ Զգալի հատվածը նախընտրել է բուժում ստանալ տնային պայմաններում, ինչն էլ հիմք է տվել իշխանական ներկայացուցիչներին լրատվական դաշտ նետել թեզ, թե, իբր, բախումների արդյունքում ոստիկանների շրջանում վնասվածք ստացածների քանակը շատ ավելին է, քան ցուցարարները։

Ոստիկանության ներկայացուցիչների մեծ մասը այդ վնասվածքները ստացել է հատուկ միջոցների սխալ կիրառման արդյունքում, իսկ ըստ որոշ լրատվամիջոցների՝ նռնակները եղել են նաև ժամկետանց»,-ասաց նա։

Վարդևանյանն ընթերցեց ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների («Հայաստան» և «Պատիվ ունեմ») հայտարարության տեքստը, որը փոխանցվեց  ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:

Արամ Վարդևանյանը հույս հայտնեց, որ ԵՄ դեսպանի կողմից այս հայտարարությանը կլինի պատշաճ արձագանք:

«Երբ ԵՄ–ի դեսպանատան դիմաց ոստիկանությունը խախտում է մարդու իրավունքների կոնվենցիայի բոլոր կետերը և ԵՄ դեսպանատունը լուռ է մնում, ես սա չեմ հասկանում: Սա ամենաանընդունելի երկակի ստանդարտն է: Նույն այս դեսպանատունը 2018-ին մարդու մազ ծռվելու դեպքում օրվա մեջ մի քանի հայտարարություն էր տարածքում, իսկ հիմա լուռ է և այդ լռությամբ խրախուսում է ոստիկանական վայրագությունները»,-ասաց Վարդևանյանը:

  • Կիսվել: