երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
ԵՄ աջակցում է հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին. Ռիտտեր

ԵՄ աջակցում է հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին. Ռիտտեր

«ԵՄ աջակցում է հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին։ Դա կարևոր է, որպեսզի խուսափենք ենթադրյալ մեղադրանքներից։ Բայց հակամարտության երկու կողմերը պետք է որոշեն՝ արդյոք ԵՄ կարող է դեր ունենալ այստեղ։ Սա քաղաքական որոշում է, որը պետք է կայացվի Երևանում և Բաքվում։ Իհարկե, շատ լավ կլինի, որ ԵՄ դիտորդական առաքելությանը ներգրավեն», - «Ազատության» հարցին պատասխանեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտտերը։

Հայ - ադրբեջանական սահմանի երկայնքով ընթացող իրադարձությունների և մարտահրավերի մասին Ռիտտերը խոսում էր այսօր «Ապրի» ֆորումի շրջանակում։

Դիվանագիտորեն պատասխանեց հարցին՝ ինչո՞ւ առաքելությունը հասցեական հայտարարություններ չի անում, երբ հրադադարի ռեժիմը խախտվում է։

«Սադրանքներ կան երկու կողմից էլ, մի կողմից մի քիչ շատ, մյուս կողմից՝ քիչ։ Բայց մենք խուսափենք մատնանշելուց, ինչը նշանակում է, որ եթե մենք ապացույցներ չունենք, մենք չենք մեղադրում կողմերից մեկին։ Մեր աշխատանքը չեզոք է։ Մենք հանգստացնում ենք լարվածությունը կամ ենթադրյալ լարվածությունը՝ առանց կողմերին վիրավորելու, ինչը շատ կարևոր է։ Դուռը բաց ենք թողնում երկու կողմերի համար՝ ցույց տալով մեր անկողմնակալությունը։ Ուզում եմ վստահեցնել, քանի դեռ առաքելությունը Հայաստանում է, մենք ամեն ինչ կանենք այս տարածաշրջանին խաղաղություն բերելու համար»,- ասաց Ռիտտերը։

Վերջին շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական կողմին պարբերաբար մեղադրում է հրադադարի խախտումների համար։ Այս պնդումները հերքում են թե՛ Հայաստանի ռազմական գերատեսչությունը, թե՛ հայ-ադրբեջանական սահմանին դիտարկում իրականացնող Եվրամիության առաքելությունը:

  • Կիսվել: