շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԵԽԽՎ բյուրոյի անդամները շատ անհարմար էին զգում, որ չեն կարող ռազմագերիների հարցն օրակարգ մտցնել. Իգիթյան

ԵԽԽՎ բյուրոյի անդամները շատ անհարմար էին զգում, որ չեն կարող ռազմագերիների հարցն օրակարգ մտցնել. Իգիթյան

Ես ուղիղ կապի մեջ էի ԵԽԽՎ բյուրոյի մի քանի անդամների հետ, ու իրենք շատ անհարմար էին զգում, որ չեն կարող այդ հարցն օրակարգ մտցնել մի քանի պատճառներով՝ հայտարարեց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ռազմագերիների հարցը չդարձավ ԵԽԽՎ նստաշրջանի ընթացիկ քննարկման թեմա:

«Պարոն Մարուքյանի հետ նաև քաղաքական խմբում ենք մասնակցել, այնտեղ կատեգորիկ ենք դրել այդ հարցը: Մենք դեմ չենք որևէ քաղաքական կամ ոչ քաղաքական մարդու ազատ արձակմանը, բայց ես այնտեղ ներկայացրեցի, որ Նավալնին ընդամենը մեկ բանտարկյալ է, և ինքը իր Ֆեյսբուքում նշել է, որ իր պայմանները այդքան էլ վատը չեն, իսկ մենք ասում էինք՝ այնտեղ կան հարյուրավոր երիտասարդներ՝ իրենց պարտքը կատարած մարդիկ, որոնց ճակատագիրն անհայտ է. սա է պատճառը, որ այս հարցն անպայման ուշադրության տակ լինի: Խոսքը գնում է գերիների մասին. բոլորը համաձայն էին»,- ասաց Իգիթյանը:

Պատգամավորի խոսքով՝ ԵԽԽՎ-ում մթնոլորտը ստեղծվում է նաև Հայաստանից եկած տեղեկությունների հիման վրա: Իգիթյանը, դիմելով լրագրողներին, ասաց, որ նրանք են ստեղծում այստեղի մթնոլորտը: Իգիթյանի խոսքով՝ Հայաստանից գալիս էր ապատեղեկատվական ցունամի, արդյունքում՝ գերիների հարցն այդ աղմուկի մեջ կորչում էր: Ասաց՝ մարդիկ իրենց ուրիշ հարցեր էին տալիս, հարցնում էին քաղաքական իրավիճակից, նոր ընտրություններից: «Նավալնիի հարցը մտավ օրակարգ, քանի որ այն տեղեկատվությունը, որ Ռուսաստանից դուրս էր գալիս, ավելի մեծ էր, քան այն, ինչ Հայաստանից էր գալիս»,- ասաց Իգիթյանը:

 

Հարցին՝ արդյոք ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության աշխատանքն արդյունավե՞տ է գնահատում, Իգիթյանը նշեց. «Նման կազմակերպություններում հաջողությունն ու անհաջողությունը գնահատվում են ստեղծված մթնոլորտով: Բացի մեկ-երկու երկրների փոքրաթիվ պատվիրակություններից, մյուսներն այս հարցում հակաադրբեջանական են տրամադրված: Այսինքն՝ նրանք կարծում են, որ Ադրբեջանը խախտել է իր պայմանավորվածությունները, օգտագործել է ռազմական ուժ: Այս մթնոլորտը կարևոր է, որը մենք պետք է հասցնենք կապիտալիզացիայի»:

  • Կիսվել: