ԵԽ պատգամավորը հույս ունի, որ Կայա Կալասի այցը Բաքու կօգտագործվի ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու համար
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Միրիամ Լեքսմանը քննադատություն է հնչեցրել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի՝ Բաքու կատարած այցի առնչությամբ, սակայն հույս հայտնել, որ այդ այցը կօգտագործվի Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայերի ազատ արձակումն ապահովելու համար։
Այդ մասին Լեքսմանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Քանի որ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին այցելում է Ադրբեջան, ես անկեղծորեն հույս ունեմ, որ այս ողբերգական տարելիցի դասը կօգտագործվի բոլոր քաղբանտարկյալների և ապօրինի կերպով պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումն ապահովելու համար»,-իր գրառման մեջ ընդգծել է Միրիամ Լեքսմանը։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի, եվրոպական տարբեր երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել էին Կայա Կալասին Ադրբեջան այցելելու ծրագրերի համար։ Նրանք ուշադրություն էին դարձրել այն հանգամանքի վրա, որ Կալասը չի այցելում եվրաինտեգրման ճանապարհն ընտրած Հայաստան, փոխարենն այցելում է բռնապետական Ադրբեջան, որը շարունակում է սպառնալ ժողովրդավարական ուղի ընտրած Հայաստանի անվտանգությանը։
Նշենք, որ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն արդեն գտնվում է Բաքվում, որտեղ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, ինչպես նաև նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այդ հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման շուրջ գործընթացին։