երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եկեք մանդատները դնենք ու գնանք նոր ընտրության. Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու

Եկեք մանդատները դնենք ու գնանք նոր ընտրության. Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու

Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն առաջարկում է ընդդիմությանը վայր դնել մանդատները ու նոր ընտրություններ անցկացնել: Այսօր՝ հունվարի 3-ին, համայնքապետարանում համակիրների հետ հանդիպմանն Արամ Մելքոնյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 30-ին ընդդիմադիր Ահարոն Խաչատրյանի ընտրվելը որպես համայնքապետ, իրավական տեսանկյունից առոչինչ է:

«Ընդդիմությունը խաբելով է ձայներ հավաքել, եկեք բացեիբաց, բաց ճակատով գնանք ընտրության, մեր թիմը ամուր կանգնած է, մեր ձայները կորած չեն եւ մենք պայքարը շարունակելու ենք»,- ասաց Արամ Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։

Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։

Դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ավագանու անդրանիկ նիստը: Մինչեւ նիստի սկսելը ոստիկանությունը փորձել էր բերման ենթարկել ավագանու ընդդիմադիր մեկ այլ անդամի՝ Ահարոն Խաչատրյանին, որը համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն է։ 3 ժամ անց ընդդիմությանը ի վերջո հաջողվել էր նիստ հրավիրել եւ համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: ՔՊ-ականները նիստին չեն մասնակցել:

  • Կիսվել: