հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Եկեք խոստովանենք, որ համատարած ավերակ է մեր երկրում․ Փաշինյան

Եկեք խոստովանենք, որ համատարած ավերակ է մեր երկրում․ Փաշինյան

Այսօր գլուխ ենք գովում՝ սուբվենցիա արեցինք, սա արեցինք, նա արեցինք, գլուխ ենք գովում, որ հիմա մի մարզում այնքան ճանապարհ են նորոգում, ինչքան նախկինում ամբողջ հանրապետությունում 1 տարում, բայց իրականում դեռ այնքան պետք է կառուցենք: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյնաը՝ խոսելով մարզպետարանների կամ որևէ պետական մարմնի վերահսկողական մեխանիզմի արդյունավետության վերաբերյալ։

«Որ համատարած ավերակ է մեր երկրում, եկեք խոստովանենք։ Համայնքներում էլ ավերակ վիճակը կապված է մի պարզ բանի հետ՝ ընտրություն կատարելու որակի ու չափանիշների հետ: Ամեն մարդ այսօրվա իր բակի, փողոցի վիճակի հետ կապը պետք է տեսնի նախորդ ընտրություններում, դրա նախորդ ընտրություններում իր քվեարկության հետ, որովհետև դա եղել է իր քաղաքական ներդրումը, և դրա արդյունքն ստացվել է»,-ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ ապակենտրոնացման առումով ևս խնդիր կա.

«Զգում ես, որ քաղաքացին ուզում է վարչապետին ինչ-որ բան ասել, և պարզվում է, որ ինքն ուզում է՝ իր դարպասի դիմաց գտնվող ճանապարհահատվածը՝ 3 քմ, բարեկարգվի. ով պետք է լուծի այդ հարցը, եթե ոչ վարչապետը: Մեր քաղաքական ուղերձը միշտ նույնն է եղել՝ ուզում ենք, որ քաղաքացին կապ տեսնի իր գործողության և իրականության միջև»։

Ըստ նրա՝ շատ արդյունավետ կարող է լինել, եթե քաղաքացիներն իրենք վերահսկեն գործընթացը, իրենք գնահատեն, օրինակ, իրենց քաղաքապետի աշխատանքը: 

«Եթե քաղաքացին վերահսկողությունն իր պարտականությունը չի համարում, կարելի է լարվել՝ 1 տարի, 2-3 տարի, վերահսկողություն սահմանել առավել խիստ, բայց եթե քաղաքացի-իշխանություն հարաբերությունների խորքային, բովանդակային փոփոխություն տեղի չի ունենում, ժամանակավոր մի բան կլինի, հետո ամեն ինչ «դարձ ի շրջանս յուր» տեղի կունենա»։

  • Կիսվել: