Եկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասին
Խնդրում եմ անչափահաս երեխաներին անընդհատ մեջ չբերել: Եթե երեխաների հետ կապված ինչ-որ միջադեպ կամ դրվագ եղել է, ասեք՝ այդ դրվագն առանձին քննարկենք, բայց Ռոբերտ Քոչարյանի տունը, որ նայում ես, էս Ազգային ժողովի շենքից մեծ է: Հազար ներողություն, որ մտնեն մի սենյակում Քոչարյանին բռնեն, երեխաները, ամենայն հավանականությամբ, կլինեն մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ նույն տան մեջ: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը՝ ի պատասխան լրագրողներից մեկի դիտարկման, թե ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը խուզարկություն իրականացնելիս նրա երեք անչափահաս երեխաները տանն են եղել:
Ալեքսանյանը հորդորեց ամեն անգամ երեխաների հանգամանքը չշահարկել:
«Խնդրում եմ ամեն անգամ երեխաներին մեջ մի բերեք: երեխաները բոլորը երեխաներ են, Աստված թող առողջություն տա: Բոլոր երեխաները պետք է զերծ մնան ցանկացած բացասական բանից, բայց ՀՀ քաղաքացին ինչո՞վ է մեղավոր: Մարդիկ 2004 թվականին 44 միլիոն դրամով ձեռք են բերել 8,3 հա հողամաս Երևանի Աճառյան փողոցում»,- ասաց նա՝ կարդալով գործի դրվագը։
Նրա խոսքով՝ Ավանում երբեք 44 միլիոն դրամ չի արժեցել 8,3 հեկտարը:
«Խնդրում եմ, եկեք մեր քաղաքացիների բանականությունը չվիրավորել: Ինչով է մեղավոր եղել ՀՀ քաղաքացին, որ 10 տարի շարունակ իրենց իշխանության, 10 տարի էլ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ վրեժ են լուծել ՀՀ քաղաքացուց: Էդ իրենք են վրեժ լուծել, ինձ համար դեռ անհասկանալի է՝ ինչի: Բա Լևոն Քոչարյան, ինչի՞ չէիր գնում ասում՝ հարգելի պարոն Ռոբերտ Քոչարյան, էդ ոնց է լինում, որ Երևանում 44 միլիոնով 8,3 հա հողատարածք է ծախվում, հետո այդ ընկերության 50 տոկոսը նվիրաբերվում է իմ ավագ եղբորը»,- ասաց Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ այդ ամենը պետք է ստանա պատասխան:
«Ես ասում եմ՝ իմ դժգոհությունն այն է, որ էս ամեն ինչը հիմա է տեղի ունենում և ոչ՝ երեկ, ոչ՝ երեկ չէ առաջին օրը»,- հավելեց ԱԺ նախագահի տեղակալը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ էին ստացվել առ այն, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։
Գործի դրվագներից մեկի համաձայն՝ Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին հարող 8,3 հա հողամասը ձեռք է բերվել 44,657,000 ՀՀ դրամով, որտեղ 2002 թվականին կառուցվել է «Փլեյ Սիթի» ժամանցային կենտրոնը, իսկ երկու տարի անց՝ 2004 թվականի նոյեմբերի 15-ին, գույքի սեփականատեր «Ֆաստ քարթ» ընկերության 50 տոկոս բաժնեմասը նվիրատվությամբ փոխանցվել և գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։



