ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024

Էդուարդ Աղաջանյանին ներկայացվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը եւ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) ղեկավար Արմեն Կոտոլյանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպմանը քննարկվել են 2020 թվականի անելիքները և 2019 թվականին կատարված փոփոխությունները։

Արմեն Կոտոլյանը զեկուցել է, որ   2019 թվականին  իրականացվել է 277 ստուգում, 195 տնտեսվարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց տրվել է համապատասխան ընթացք:

Ներկայացվել է նաև օրենսդրական փոփոխություններից հետո բենզալցակայաններում և գազալցակայաններում առանց տնտեսավարողներին նախապես ծանուցման չափագիտական կանոնների և նորմերի նկատմամբ իրականացված ստուգումների արդյունքները։

Անդրադառնալով 2020 թվականի պլանային ստուգումներին՝ նշվել է, որ ըստ ռիսկայնության աստիճանի այս տարի ևս առավել թիրախային են համարվում ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի, ԱԳԼՃԿ-ների, հեղուկացված ածխաջրածնային գազերի, չափումների միասնականության ապահովման, խաղալիքների, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքների ոլորտները:

Քննարկվել է նաև Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից մշակվող օրենսդրական փոփոխությունների նախագծերի հետ կապված հարցեր։

  • Կիսվել: