Շոգը պատել է Մոսկվան․ օդերևութաբանները վտանգավորության նարնջագույն մակարդակ են հայտարարել
Մոսկվայում և Մոսկվայի մարզում օգոստոսի 1-ին և 2-ին սաստիկ շոգի պատճառով գործում է եղանակային վտանգավորության «նարնջագույն» մակարդակը, հայտնում է «Կոմերսանտ»-ը։
Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնից հայտնել են, որ գուշացումը հրապարակվել է ջերմաստիճանի սպասվող բարձրացման ֆոնին։
Շոգ եղանակը մայրաքաղաքային տարածաշրջան է բերել արևմուտքից եկած անտիցիկլոնը։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ շաբաթ օրը Մոսկվայում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +30 °C, իսկ կիրակի օրը կարող է հասնել +31 °C-ի։
Եղանակային վտանգավորության «նարնջագույն» մակարդակը կգործի մինչև կիրակի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ն։
Օդերևութաբանները նշում են, որ նման մակարդակը ենթադրում է վտանգավոր եղանակային երևույթների բարձր հավանականություն, քանի որ դրանք կարող են ազդել տրանսպորտի, ենթակառուցվածքների աշխատանքի և մարդկանց առողջության վրա։


