հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ակնկալում ենք, որ իրավապահ մարմինները կգործեն անկախ, արդար և հաշվետու. Եվրահանձնաժողովը՝ Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի գործերի մասին

Ակնկալում ենք, որ իրավապահ մարմինները կգործեն անկախ, արդար և հաշվետու. Եվրահանձնաժողովը՝ Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի գործերի մասին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ստացել է քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի քաղաքական հետապնդման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված նամակի պատասխանը։

«Շնորհակալություն ենք հայտնում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղղված հուլիսի 14-ի Ձեր նամակի համար, որում Դուք մտահոգություն եք հայտնում պարոն Սամվել Կարապետյանի և արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի ձերբակալությունների վերաբերյալ։

ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է այս զարգացումներին։ Այդուհանդերձ, նման դեպքերը քննելու իրավասությունը պատկանում է հայկական իշխանություններին, իսկ դրանց ընթացք տալը՝ ներպետական դատական համակարգին։ Ելնելով ԵՄ-Հայաստան գործընկերության հիմքում ընկած հիմնարար սկզբունքներից՝ մենք ակնկալում ենք, որ հայկական արդարադատության և իրավապահ մարմինները, իրականացնելով այս հետաքննությունները, կգործեն անկախ, արդար և հաշվետու, ինչպես նաև կպահպանեն ժողովրդավարական սկզբունքները և հիմնարար իրավունքները, ներառյալ՝ պատշաճ իրավական գործընթացը։

Կարող եմ վստահեցնել Ձեզ, որ այս սկզբունքների նկատմամբ հարգանքը ԵՄ-ի և հայկական իշխանությունների միջև կանոնավոր երկխոսության հիմնական տարրերից է», - նշված է պատասխանում։

Հուլիսի 14-ին Մարուքյանը նամակներ էր հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ կոչ անելով չդառնալ Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների եվրոպական հովանավորներ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը նշել էր, մասնավորապես, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները։

  • Կիսվել: