շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Էդգար Ղազարյանն ուզում է, որ հայ սակրավորը պայթի ականի վրա, նրան պետք է ասեն՝ դիր մանդատդ, մի արի ԱԺ. Ռուբինյան

Էդգար Ղազարյանն ուզում է, որ հայ սակրավորը պայթի ականի վրա, նրան պետք է ասեն՝ դիր մանդատդ, մի արի ԱԺ. Ռուբինյան

Շատ մեծ հավանականություն կա, որ «Ուժեղ Հայաստանը» գալու է և ԱԺ–ում «Հայաստան» դաշինքի նիշն է վերցնելու՝ դավաճան, թրքամոլ, թրքաբարո, թրքածին բառապաշարով։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Տեսանք, թե «Հայաստան» խմբակցության հետ ինչ տեղի ունեցավ, առավել քան կրկնակի կրճատվեց նրանց ստացած քվեների թիվը։ Պատճառը նաև այդ բառապաշարն է։

Ես հիշում եմ 2021–ին, երբ որ ես ԱԺ փոխնախագահ էի ընտրվում, Սերժ Սարգսյանի խմբակցության ներկայացուցիչներից մեկը ինձ էլի այդ ոճի մեջ հարց տվեց, ես ասեցի՝ ամբողջ քարոզարշավը դուք անցկացրել եք այդ պիտակներով, բայց մենք հաղթեցինք։ Դա լավ չի ազդում ձեր վրա, ես ձեզ խորհուրդ եմ տալիս չշարունակել այդ խոսույթը, որովհետև մարդիկ պատասխանը տվել են արդեն, թե ով է դավաճանը, ով է օտարամոլը։ Չլսեցին, տեսաք իրենց հետ ինչ եղավ։

Հիմա ընտրությունը կալուգացի օլիգարխի թիմինն է, եթե իրենք ուզում են շարունակել, շատ լավ, իրենք կկրակեն իրենց իսկ ոտքին»,–ասաց նա։

Անդրադառնալով մեղադրանքին, որ ՔՊ–ն նոր օրինագծով մարդկանց ընտրելու իրավունքը սահմանափակում է, որի նպատակը Սահմանադրության փոփոխության հանրաքվեի հետ կապված շեմի փոփոխության հասնելն է, Ռուբինյանն ասաց. «Դրա ուղիղ նպատակն է Հայաստանի Հանրապետությանը ապահովագրել այն իրավիճակից, երբ, օրինակ, արտերկրում մասսայական ընտրակաշառք կբաժանեն և կփորձեն ապօրինի կերպով ազդել Հայաստանի ընտրությունների վրա։ Այս ընտրությունները ցույց տվեցին, որ նման ռիսկ կա։

Ակնհայտ է, որ երբ տալիս են ընտրակաշառքը արտերկրում, մեր իրավապահ մարմինների համար շատ ավելի դժվար է դա բացահայտել և չեզոքացնել։ Էլ չեմ ասում, որ  եղել են նաև հաղորդումներ արտերկրում ազդեցության, ճնշման մասին։

Այս նախագծի միտքը հետևյալն է, որ տրամաբանական կլինի, որ ա) Հայաստանի ճակատագիրը որոշեն այն մարդիկ, ում շահերի կենտրոնը Հայաստանում է, և բ) տրամաբանական կլինի, որպեսզի մենք ապահովագրենք մեր երկիրը չարամիտ ապօրինի ազդեցությունից, որը կարող է իրականացվել արտերկրում կամ արտերկրից»։

Հարցին՝ հիմա դուք ուզո՞ւմ եք, որ ընդդիմադիրները գան խորհրդարան, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Երկակի է իմ մոտ էմոցիաները. մի կողմից ես կարծում եմ, որ այդ երկու խմբակցությունները հանցագործություն են կատարել Հայաստանի Հանրապետության հանդեպ, որովհետև փորձ են կատարել ընտրակաշառքների միջոցով բռնազավթել Հայաստանը և դնել օտարերկրյա ազդեցության տակ։ Մյուս կողմից իրենց մեջ նաև կան քաղաքական գործիչներ, որոնք պետք է իրենց պատասխանը ստանան, որովհետև իրենք մեզնից հեռու գնացել, տարբեր տեղերում ինչ ասես ասել են։ Օրինակ, Սերժ Սարգսյանի Հանրապետական նախկին մարզպետը (նկատի ունի Էդգար Ղազարյանին–խմբ) ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է, որ ինքը ցանկանում է, որ հայ սակրավորը մահանա, զոհվի։ Ասել է մենք ցանկանում ենք, որպեսզի հայ սակրավորները, որոնք կմտնեն ականապատ դաշտ, պայթեն և այդ դաշտից դուրս բերեն կամ նրանց մարմինները, կամ վիրավոր մարմինները։ Հիմա կոնկրետ այդ մեկի դեպքում, ես չեմ ուզում ինքը գա Ազգային ժողով։

Հիմա, եթե «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում համաձայն չեն սրա հետ, ուրեմն պետք է Էդգար Ղազարյանին ասեն՝ դիր մանդատդ, մի արի Ազգային ժողով։ Եթե իրենք չեն անում դա, նշանակում է, որ իրենք կիսում են այդ հայտարարության քաղաքական պատասխանատվությունը, այն է՝ հայ սակրավորը պետք է պայթի ականի վրա»,– ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը։

  • Կիսվել: