չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Էդ աղջիկը երեւի հավանոցում է դաստիարակվել. ՔՊ–ականը վիրավորեց ընդդիմադիր կին պատգամավորին

Էդ աղջիկը երեւի հավանոցում է դաստիարակվել. ՔՊ–ականը վիրավորեց ընդդիմադիր կին պատգամավորին

Լավ, երկու խմբակցությամբ չկարողացաք մի մասնագետ գտնել, որ չեզոք լինի՞, որ գա այս դաշտում աշխատի, մոռանա՝ դուք ինչ նախասիրություն ունեք, մեզ ոնց է վերաբերում: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Նշենք, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու են առաջադրել Անահիտ Սարգսյանին:

«Չգտա՞ք էդ մասնագետին: Է՞ս էր ձեր գտած մասնագետը, որը պատրաստ է ժողովրդի հետ խնդիր ունենալ, որի աչքերին արցունք է գալիս, երբ Արցախ է մտնում: Մեկն էլ տենց կար, ձեր «հայրենիքի փրկության» ժամանակ փողոցներում քայլում էր, հիմա ամերիկաներում ֆռֆռում է»,-ասաց նա:

Խաչատրյանը նկատեց, որ խոսքի ազատությունը ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը տեսնի՝ ով է պոռոտախոս, ով է գործ անող, ով է աթոռի մեռած, ով է ժողովրդին նվիրված: «Ես ման եմ գալիս, շփվում եմ մարդկանց հետ, տեսնում եմ եւ համակիրներ,  եւ ձեր համակիրներին: Տեսնում եմ մեր համակիրների բարյացկամությունը, ձեր համակիրների անզուսպ, անդաստիարակ պահվածքը, որ դուք եք սերմանում՝ ատելություն, լկտիություն, անդաստիարակություն, եւ այս ամբիոնից էլ եք ձեզ թույլ տալիս այդպես խոսել: Մեկը կա, երեւի հավանոցում է դաստիարակվել, գալիս ասում է՝ «ԱԺ նախագահի թոռին թառած»: Մտծում եմ՝ էս աղջիկը հավանոցում է դաստիարակվել, որովհետեւ հավն է թառում: Հաշիվ տվեք ձեզ, ձեր չափը ճանաչեք»,-հայտարարեց պատգամավորը:

Երբ տեղից նույն կոչն իրեն արեցին, նա շարունակեց. «Ես ինձ հաշիվ տալիս եմ, այնքանով եմ հաշիվ տալիս, որ ի տարբերություն ձեզ, չեմ ընդհատում խոսողներին: Իսկ դուք ձեզ իրավունք եք վերապահում... զսպեք ձեզ, սովորեք ձեզ պահել խորհրդարանում որպես պատգամավոր»:

Այ խոսքերից հետո դահլիճից ռեպլիկներ հնչեցին, լեզվակռիվ սկսվեց, նիստը վարող Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Լավ, հանգստացեք մի հատ, հլը»:

  • Կիսվել: