երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵԱՀԿ նախագահի՝ 1996-ի դեկտեմբերի հայտարարությունը պաշտպանում է ԼՂ ինքնորոշման իրավունքը

ԵԱՀԿ նախագահի՝ 1996-ի դեկտեմբերի հայտարարությունը պաշտպանում է ԼՂ ինքնորոշման իրավունքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին անդրադարձավ ԵԱՀԿ գործող նախագահի՝ 1996 թվականի դեկտեմբերի հայտարարությանը՝ ընդգծելով, որ այն պաշտպանում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև ԼՂ-ի ինքնորոշման իրավունքը:

«Ուշադրությո՛ւն դարձրեք. ԵԱՀԿ գործող նախագահի՝ 1996 թվականի դեկտեմբերի հայտարարությունը, որը, ինչպես տեսաք, ամբողջ միջազգային հանրության կարծիքն էր արտահայտում, պաշտպանում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև ԼՂ ինքնորոշման իրավունքը:

Հայտարարության մեջ ասվում է, որ ԼՂ իրավական կարգավիճակը պետք է որոշվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, որը նրան կտա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում:

Արձանագրեցինք, չէ՞. ԵԱՀԿ միջազգային հանրությունը, ըստ էության, ասում է՝ ԼՂ-ի հարցը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, և այդ ինքնորոշման իրավունքի իրացումը ԼՂ-ին կտա բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում:

1996-ի դեկտեմբերին արված հայտարարության այս նրբությունը, կարծում եմ, նորություն է Հայաստանի հանրության համար, բայց, փաստորեն, դեռևս 1996 թվականին միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներից 4-ը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները, այս դիրքորոշումն են արտահայտել, ինչը ո՛չ հանրային, ո՛չ փորձագիտական մակարդակում պատշաճ չի լուսաբանվել մեզանում:

Ես համոզված եմ, որ այս տեղեկատվությունը, այդ թվում՝ շատ փորձագետների համար, պարզապես նորություն է, նորություն, որը հրապարակվել է 1996 թվականի դեկտեմբերին, այն է՝ ինքնորոշման սկզբունքի կիրառման արդյունքում ԼՂ-ն կարող է բարձր ինքնավարություն ստանալ Ադրբեջանի կազմում»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծեց, որ փորձագետները նաև չէին ասում, որ Հայաստանը ինքն էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթղթերի ընդունման է մասնակցել, և դա տեղի է ունեցել հետևյալ կերպ.

«ՀՀ-ն, ինչպես նաև ադրբեջանական հանրապետությունը միացել են 1991 թվականի դեկտեմբերի՝ Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին Բելովեժյան հայտնի համաձայնագրին՝ դեկտեմբերի 8-ի համաձայնագրին, որի 5-րդ հոդվածում հստակ արձանագրվում է. «Պայմանավորվող բարձր կողմերը ճանաչում են և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը համագործակցության շրջանակներում»:

Այս համաձայնագիրը վավերացրել են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի խորհրդարանները: Տարածքային ամբողջականության և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիության մասին ձևակերպումը տեղ է գտել նաև 1991 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Ալմա-Աթայի հռչակագրում, որն ընդունել են ԱՊՀ-ն հիմնադրած և նրանց միացած նորանկախ երկրները՝ ներառյալ Հայաստանը և Ադրբեջանը»,- ասաց վարչապետը՝ նաև հավելելով, որ համաձայնագրում նշված են ինքնորոշման իրավունքի, մարդու և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին:

  • Կիսվել: