կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահը Բաքվում քննարկել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահը Բաքվում քննարկել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը:

Ըստ հաղորդագրության՝ կողմերը նաև քննարկել են Արցախյան երկրորդ պատերազմից հետո ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը և վստահություն ամրապնդող միջոցառումների իրագործումը:

Իգոր Խովաևը նախկին փոխնախագահին՝ Իգոր Պոպովին, փոխարինել է հուլիսին: Նա նշել է, որ իր այցը Բաքու ճանաչողական բնույթ ունի:

Նշենք, որ նոր համանախագահը 1988թ.ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային ֆակուլտետը։ Նույն թվականին ընդունվել է դիվանագիտական ծառայության։

1988-ից 2004 թվականներին աշխատել է տարբեր պաշտոններում Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտասահմանում: 2004-2005թթ. եղել է ՌԴ ԱԳՆ արտաքին քաղաքականության պլանավորման դեպարտամենտի հայրենակիցների հետ աշխատանքի վարչության բաժնի պետ։ 2005-2010թթ. զբաղեցրել է Վիետնամում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ-խորհրդականի պաշտոնը: 2010-2015թթ.եղել է Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

 

 

  • Կիսվել: