ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը տարածաշրջանային այցի վերաբերյալ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը տարածաշրջանային այցի վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը տարածաշրջան այց են կատարել հոկտեմբերի 14-17-ը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածել են հայտարարության, ըստ որի` նրանք հոկտեմբերի 15-ին Երևանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հոկտեմբերի 17-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, խորհրդակցություններ անցկացրել երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ: Համանախագահները հանդիպել են նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Բաքվում էլ համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի նախագահի հետ: Լեռնային Ղարաբաղում համանախագահները զրուցել են մարդասիրական հարցերով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի հետ: Երկու առաջնորդները համանախագահներին տեղեկացրել են Աշգաբադում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում իրենց վերջին զրույցի մանրամասները և իրենց գաղափարները, թե ինչպես է հնարավոր առաջ մղել կարգավորման գործընթացը: Համանախագահները ողջունել են մարդասիրական և անվտանգության կոնկրետ միջոցների ընդունման հեռանկարները՝ ուղղված բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելուն և լարվածությունը թուլացնելուն:

Համանախագահները ևս մեկ անգամ երկրներին կոչ արել շարունակել սատարել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի գործունեությունն ու ապահովել խոչընդոտների անհապաղ վերացումը, որոնք կարող են խանգարել մոնիթորինգային առաքելություններին: Երկրների ԱԳՆ ղեկավարները հաստատել են համանախագահների հովանու ներքո մինչև տարեվերջ հանդիպելու իրենց պատրաստակամությունը: Համանախագահները մոտ ժամանակներս կմեկնեն Վիեննա՝ տարածաշրջան այցի արդյունքների մասին տեղեկացնելու ԵԱՀԿ մշտական խորհրդին և Մինսկի խմբի անդամներին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: