հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԵԱՀԿ ԽՎ-ն պետք է իր վճռորոշ դերը խաղա ԼՂ հակամարտության վերջնական լուծման գործընթացում. Էդուարդ Աղաջանյան

ԵԱՀԿ ԽՎ-ն պետք է իր վճռորոշ դերը խաղա ԼՂ հակամարտության վերջնական լուծման գործընթացում. Էդուարդ Աղաջանյան

Իրապես կան խաղաղության գործընթաց և տարբեր ձևաչափերի հանդիպումներ հայ և ադրբեջանցի պաշտոնյաների միջև, սակայն վախենամ, որ մինչ այժմ գործընթացը չի փոխակերպվել որևէ այլ բանի՝ մնալով այդպիսին: ԵԱՀԿ ԽՎ տարեկան 29-րդ նստաշրջանի հուլիսի 3-ի նիստում ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Ուրախ եմ, որ Ադրբեջանի իմ գործընկերը վկայակոչում է միջազգային իրավունքը, քանի որ դա լիովին հակասում է իրենց նախագահի դիրքորոշմանը, համաձայն որի՝ միջազգային իրավունքը մեռած է:

Ցավոք, ինչպես իրավացիորեն նշեց պարոն Կաշունասը, դեռևս կան մի շարք չլուծված խնդիրներ, որոնք սպասում են իրենց լուծմանը:

Հաշվի առնելով հարգանքս մեծարգո զեկուցողի նկատմամբ՝ ուզում եմ ընդգծել, որ հայկական կողմն Ադրբեջանին է հանձնել իր տիրապետության տակ գտնվող ականապատ տարածքների բոլոր քարտեզները:

Մինչդեռ, միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը պատանդի կարգավիճակով է պահում 38 ռազմագերիների Հայաստանի հետ խաղաղության շուրջ ընթացող վերոնշյալ բանակցություններում քաղաքական որոշ առավելություն ունենալու ակնկալիքով՝ սույնով ռազմագերիներին դարձնելով սակարկության առարկա:

Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հռետորաբանությունը, ֆիզիկական և հոգեբանական ոտնձգությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի բնակչության շարունակական էթնիկ զտումները, ինչպես նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի պատմությունը, ինչը գործնականում նշանակում է Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող արտատարածքային միջանցք, ընդհանուր առմամբ չեն նպաստում լարվածության նվազմանը:

Հարգելի՛ գործընկերներ,

Լայնամասշտաբ պատերազմը դադարել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ սպասում է իր համապարփակ և վերջնական լուծմանը, և այս խորհրդարանական վեհաժողովը պետք է իր վճռորոշ դերը խաղա այս գործընթացում»,- իր ելույթում ասել է Աղաջանյանը:

  • Կիսվել: