շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի մեկնարկը հաջողված էր. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի մեկնարկը հաջողված էր. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

Նոյեմբերի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների համար կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն: Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ ԱԺ նախագահը.

«Հարգարժա՛ն տիկին նախագահ,

Հարգելի՛ պատվիրակներ, գործընկերներ եւ հյուրեր,

Տիկնայք եւ պարոնայք,

Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ Հայաստանում:

Պատահական չէ, որ այսօր մենք հավաքվել ենք Երեւանի պատմական շենքերից մեկում՝ Ազգային պատկերասրահում: Այն հիմնադրվել է ավելի քան 100 տարի առաջ եւ իր տանիքի տակ պահում է  ոչ միայն հայկական արվեստի մարգարիտները, այլեւ աշխարհը ներկայացնող արվեստի մեծ գործեր` հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը:

Մշակութային դիվանագիտությունն ազդեցիկ եւ պատկերավոր լեզու է, որով խոսում են քաղաքակրթություն եւ մեծ պատմություն ունեցող երկրները: Հպարտ եմ, որ այստեղ անգին նմուշներ կան աշխարհի տարբեր երկրներից:

Վեհաժողովի երեւանյան՝ աշնանային հանդիպման  մեկնարկը հաջողված էր, եւ մասնագիտական քննարկումները լիովին արտացոլում են մեր միասնական օրակարգը: Մենք հնարավորություն ունեցանք անկեղծ խոսել եւ մտքեր փոխանակել մեզ հուզող կենսական նանակություն ունեցող հարցերի շուրջ, ինչը կարեւոր է խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու տեսանկյունից:

Այս նստաշրջանն անցնում է մեր ընդհանուր անվտանգային գոտում աննախադեպ հետընթացների եւ ճգնաժամերի ժամանակներում: Ցավոք, մենք շարունակաբար ականատես ենք լինում այն հանձնառությունների ոտնահարմանը, որոնք անշեղորեն ամրագրված են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներում:

Հարգելի՛ գործընկերներ, բարեկամներ,

Կազմակերպության աշնանային նիստի անցկացումը Հայաստանում եւ անձամբ ձեր ներկայությունը, մեր երկրի համար մարտահրավերներով լի այս պահին, ընկերության եւ համերաշխության նշան է: Բարձր ենք գնահատում միջազգային մեր գործընկերների անսասան աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը եւ բարեփոխումների օրակարգին: Կարծում եմ՝ բոլորս գիտակցում ենք, թե ինչ սպառնալիքներ է առաջացնում անվտանգային ճգնաժամը մեր երիտասարդ ժողովրդավարությանը եւ կայուն զարգացմանը, սոցիալական համախմբվածությանն ու արդարության ամրապնդմանը, սակայն մենք հավատացած ենք, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի:

Առերեսվելով բոլոր խոչընդոտների եւ սադրանքների հետ՝ Հայաստանի կառավարությունը շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը: Եվ ես երախտագիտություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին այս դժվարին պահին մեր կողքին լինելու համար:

Մեր նստաշրջանին մաղթում եմ արդյունավետ աշխատանքների շարունակություն, իսկ մեզ՝ հաճելի երեկո»:

  • Կիսվել: