երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
«Ե՞րբ եմ ես վերադառնալու Արցախ», «Պետք էր կռվել». Ալեն Սիմոնյանի ու լրագրողի լարված խոսակցությունը

«Ե՞րբ եմ ես վերադառնալու Արցախ», «Պետք էր կռվել». Ալեն Սիմոնյանի ու լրագրողի լարված խոսակցությունը

«Դուք դուրս եկաք Արցախից, որովհետև անվտանգ չէր, չնայած՝ կարելի էր մնալ և պայքարել, բայց դուք դուրս եկաք»։ Այսպես այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ացրախցի լրագրողի հարցին, թե ե՞րբ կարող է վերադառնալ իր հայրենիք։

Լրագրողի՝ «բայց այնտեղ մարդիկ մորթվում էին» դիտարկմանը, Ալեն Սիմոնյանը կրկին պատասխանեց. «պետք էր կռվել»։

«Կարելի էր պայքարել այն զենքերով, որոնք ՀՀ–ն տվել էր, այն քաղաքական սատարումով։ Պետք էր կռվել։ Հայաստանը կռվել է։ Պետք էր այնտեղ իշխանություն փոխել, բերել հաճո իշխանություն, հայտարարել, որ մենք այդ նույն բանն անելու ենք ՀՀ–ում, և օրեր անց ստորագրել այդ հռչակված պետության վերացման մասին»,–հավելեց նա։

Անդրադառնալով արցախահայության վերադարձի հնարավարությանը, նա ասաց.

«Ամեն ինչ կարվի, և դուք կվերադառնաք այնտեղ, երբ անվտանգ կլինի»։

Լրագրողի ճշտող հարցին, թե ե՞րբ անվտանգ կլինի, Սիմոնյանը պատասխանեց՝ «երբ խաղաղության պայմանագիր կկնքենք, և բոլոր հարաբերությունները կկարգավորենք»։

Անդրադառնալով հարցերին, թե ինչու՞ այլևս չի օգտագործում «Արցախ» անունը, Ալեն Սիմոնյանն ասաց.

«Ես քաղաքական գործիչ եմ, և դեմ եմ, որ ինչ–որ այլ երկրի քաղաքացի իմ երկրի քաղաքներից մեկն անվանի թուրքական, ադրբեջանական անուններով, և ես իմ քաղաքական գործչի էթիկան պետք է պահպանեմ։ Ձեզ թվում է՝ ես քաղաքացիական ակտիվի՞ստ եմ , և պետք է հաճո բաներ ասեմ»։

  • Կիսվել: