Դժվար է երեխաներին դաս անել երբ չկա գնահատում, կարո՞ղ ենք նորից վերադառնալ հին համարկարգին. Մանավազյանը՝ նախարարին
Աշակերտների, ուսուցիչների և ծնողների կողմից հնչում է մի հիմնավորում, որ երեխաներին դժվար է մոտիվացնել և նստեցնել անընդհատ դասապրոցեսին, որովհետև իրենք չեն գնահատվում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2026–ի բյուջեի նախնական քննարկումների ժամանակ՝ դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։
«Կխնդրեմ ներկայացնեք, ի՞նչ ունենք գնահատման համակարգի փոփոխության արդյունքում այս պահին որպես լավ ցուցիչ, և արդյո՞ք կարող ենք վերադառնալ նորից գնահատման մեթոդին, թե ոչ»,– հարց ուղղեց Մանավազյանը։
Ի պատասխան նախարարն ասաց. «ես այս խնդրի մասին լսել եմ նաև մեր տարբեր սովորողներից, որոնք գալիս են ինձ մոտ առանձին ընդունելության, մենք պայմանավորվել ենք, որ ևս մեկ քննարկում կունենանք։ Իհարկե, մենք ունենք ընթացիկ վերլուծություններ, մոնիտորինգ, որոնք ցույց են տալիս, որ իրականում գնահատման համակարգի փոփոխության ազդեցությունը դրական է։
Այստեղ գիտե՞ք՝ որտեղ է խնդիր է առաջանում. քանի որ մենք գտնվում ենք անցումային փուլում, հիմա մենք ունենք նոր գնահատման համակարգով սովորող երեխաներ, որոնք առաջին դասարանից չի, որ դրանով սովորում են, և անցում կատարելով նոր չափորոշչին և նոր գնահատման համակարգին, ավելի դժվար են այդ փոփոխություններին հարմարվում։
Գիտեք, որ նոր չափորոշիչը ներդրվեց 2–րդ, 5–րդ, 7–րդ, 10-րդ դասարանում, ինչը նշանակում է, որ օրինակ 7–րդ դասարանում նոր չափորոշչով սովորողները 6 տարի այլ ձևով էին սովորել։ Այս անցումային փուլը բնականաբար առաջին հերթին նրանց համար է դժվար։
Այն երեխաները, որոնք առաջին դասարանից իսկ այս մոտեցումներով սովորում են, հավատացնում եմ ձեզ, որ մոտիվացիայի հետ կապված խնդիր մենք չենք ունենում։ Բայց իհարկե սա մեծ փոփոխություն է, որը միշտ պետք է քննարկել ու մենք ևս մեկ քննարկում կանենք էս թեմայով»։


