շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Ձեր նպատակը Հայաստանի անկախության վերացումն է, բայց ձեզ մոտ այս անգամ չի հաջողվելու. Ռուբինյանը՝ ընդդիմադիր գործընկերներին

Ձեր նպատակը Հայաստանի անկախության վերացումն է, բայց ձեզ մոտ այս անգամ չի հաջողվելու. Ռուբինյանը՝ ընդդիմադիր գործընկերներին

Դաշնակցությունը Հայաստանում գործող միակ ուժն է, որը կոալիցիոն գործընկերություն է ունեցել երիտթուրքերի հետ: Բայց այսքանով չի ավարտվում Դաշնակցության էպոպեան: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով խորհրդարանի նիստերի դահլիճում գտնվող ընդդիմադիր գործընկերներին:

«Ես պարզապես զարմանում եմ՝ ոնց են մեր դաշնակցական գործընկերները այդքան հանդգնություն ունենում գալ, այս ամբիոնի մոտից խոսել պետական շահից, անկախությունից, Հայաստանի Հանրապետությունից: Եկեք վերհիշենք՝ այս ուժն ինչի մասին է ընդհանրապես:

Ախր դուք կոալիցիայի մեջ եք եղել երիտթուրքերի հետ, համագործակցել սուլթանի հետ, համագործակցել հնչակյանների, կոմունիստների, հանրապետականների հետ: ՔՊ-ի հետ էլ փորձում էիք համագործակցել, բայց կեսից որոշեցիք, որ մենք ձեր ավանդական կոալիցիոն գործընկերների պես չենք, որոշեցիք գնալ ձեր ճանապարհով: Դուք բոլորի հետ կհամագործակցեք, խնդիր չունեք դա անելու»,- ասաց Ռուբինյանը՝ դիմելով նրանց:

Նա հիշեցրեց՝ երբ Հայաստանը անկախանում էր, Դաշնակցությունը դեմ է եղել Հայաստանի անկախացմանը, ընդգծեց՝ դա փաստագրված է: 

«Ու դուք էսքանից հետո եկել պետություն ու անկախություն եք պաշտպանում: Բայց սա դեռ ամենը չէ, 2022-ին Դաշնակցությունը ծնում է իր հանրահայտ 004 շրջաբերականը:

2023 թվականին Դաշնակցությունը Քոչարյանով, Սերժ Սարգսյանով իշխանափոխություն են իրականացնում ԼՂ-ում, ու դրանից մի քանի օր հետո Լեռնային Ղարաբաղը հայաթափվում է, էթնիկ զտում է տեղի ունենում»,- հիշեցրեց Ռուբինյանը: 

Ըստ նրա՝ պատահական չէ, որ դաշնակցական գործընկերները ավելի են փորձում ակտիվանալ, որովհետև նրանք, ըստ էության, փորձում են շարժվել 004 շրջաբերականի տրամաբանությամբ:

«Պատահական չէ, որ այսօր Գյումրիում իրենց աջակցությամբ քաղաքապետ ընտրված կոմունիստ հավատացյալ Վարդանիկը (Վարդան Ղուկասյան - խմբ.) հայտարարեց, որ կողմ է, որ Հայաստանը Բելառուսի օրինակով դառնա Միութենական պետության մաս, ինչը, ի դեպ, Դաշնակցության 004 շրջաբերականի իրագործումն է»,- հավելեց Ռուբինյանը:

Պատասխանելով դահլիճից հնչող արձագանքներին՝ Ռուբինյանը հեգնանքով նկատեց. «Բա քաղաքական ուժը պետք է համագործակցի բոլորի հետ, պետք է երկիրն անկախանալու ժամանակ դեմ արտահայտվի անկախությանը, հետո բոլորին ասի՝ դուք դավաճաններ ու սրիկաներ եք: Դա պետք է անի քաղաքական ուժը: Արանքում էլ պետք է կոալիցվի Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց երբ Քոչարյանի թիկնազորը տա սպանի Դաշնակցության ներկայացուցչին, ձայն չհանի, պետք է թալանի ժամանակ կոալիցիայի մեջ լինի ու ծպտուն չհանի»:

Նա դաշնակցական գործընկերներին խնդրեց լինել ազնիվ ու հստակ տրված շրջաբերականը չքողարկել հայրենասիրության ներքո:

Ռուբինյանը վերջիններիս մեղադրեց, որ նրանց քաղաքական ուժը նպատակաուղղված աշխատում է Հայաստանի անկախության դեմ:

«Ձեր նպատակը Հայաստանի անկախության վերացումն է, ու դուք աշխատում եք այդ ուղղությամբ, բայց ես ձեզ ուզում եմ ասել, որ ձեզ մոտ այս անգամ չի հաջողվելու՝ ոչ ձեզ մոտ է հաջողվելու, ոչ ձեր՝ տարբեր տարիների կոալիցիոն գործընկերների մոտ»,- խոսքը եզրափակեց ԱԺ նախագահի տեղակալը:

  • Կիսվել: