երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ձեր հետևից գալու են, եթե այսօր գիշեր չգան, վաղն են գալու, ես ամեն ինչ անելու եմ, որ ձեր հետևից գան. Վահագն Ալեքսանյանը՝ կոռուպցիոներներին

Ձեր հետևից գալու են, եթե այսօր գիշեր չգան, վաղն են գալու, ես ամեն ինչ անելու եմ, որ ձեր հետևից գան. Վահագն Ալեքսանյանը՝ կոռուպցիոներներին

Մեզ անընդհատ հասնում են տարատեսակ ինֆորմացիաներ, որ քաղաքացիներից բուժհաստատություններում կանխիկ գումարներ են ուզում: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով բուժհաստատություններում կոռուպցիայի տարատեսակ դրսևորումներին:

«Սիրելի քաղաքացիներ, ցանկացած անգամ, երբ ձեզանից բուժհաստատությունում տասը դրամ են ուզում, դա կոռուպցիոն դրսևորում է, այդ գումարն ուզող մարդը գողանում է այդ գումարը»,- ասաց նա և նշեց, որ առողջապահական բոլոր ծախսերը կատարվում են անկանխիկ տարբերակով:

«Ես զարմացած եմ, որ այս երևույթն այսքան համատարած բնույթ է կրում ՀՀ-ում, և կարծում եմ՝ սա թե առողջապահության լիազոր մարմինների և թե իրավապահ մարմինների մեծ բացթողումն է»,-ասաց նա:

Պատգամավորը վստահաբար ասաց, որ անկախ նրանից, թե կոռուպցիոներները որտեղ են աշխատում, ինչ հաստիք են զբաղեցնում, ինչ կապեր ունեն, իրենց հետևից միանշանակ գալու են: «Եթե այսօր գիշեր չգան, վաղը գիշեր են գալու, եթե վաղը գիշեր չգան, մյուս օրը գիշեր են գալու, և ես ամեն ինչ անելու եմ, որ ձեր հետևից գան, որովհետև ձեր հետևից պետք է գալ»,- ասաց նա:

Ի դեպ, պատգամավորը նկատեց, որ պատգամավոր Աննա Մկրտչյանը թուղթ է թողել, որը վերնագրված է «Սերժ Սարգսյանի և իր տերերի խոսակցությունը»: Նա նշեց, որ երկարալեզու երկար տեքստ է և թարգմանեց Սերժ Սարգսյանի պատասխանը՝ «Լսում եմ, ընկեր մայոր»,- ասաց նա:

  • Կիսվել: