Ձեր գործընկերները իրենց թույլ են տվել նենց բաներ անել, որ мало не покажется. մարդկանց վրա թքել, հայհոյել, նորմալ է, չէ՞, ձեզ համար․ Գառնիկ Դանիելյան
Ձեր գործընկերները իրենց թույլ են տվել նենց բաներ անել, որ мало не покажется. մարդկանց վրա թքել, հայհոյել, սեռական բնույթի վիրավորանքներ հասցնել, նորմալ է, չէ՞, ձեզ համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Այնուհետեւ նա անդրադարձավ արցախցիների խնդիրներին. «Ուզում եմ ամբիոնից խոսել մեր սիրելի արցախցիների խնդիրների մասին, որոնք այս օրերին արժանապատվորեն պայքարում են իրենց իրավունքների համար, պահանջելով կառավարությունից վերականգնել աջակցության ծրագրերը։ Խոսքը վերաբերվում է հատկապես 40 + 10 ծրագրին, որը ինչ-որ չափով մեղվում էր արցախցիների կեցության համար կապված կարիքները։ Ծրագրի դադարեցումը անթույլատրելի է, մայիսի մեկից մեր հայրենակիցները չկարողանալով վճարել վարձավճարները, կարող են հայտնվել դրսում։ Սա հանգեցնելու է հուսալքության և արտագաղթի։
Այս ծրագրի փոխարեն կառավարությունը առաջարկում է օգտվել բնակարանային ապահովման ծրագրից, մինչդեռ բազմիցս արձագանքել ենք, որ այն ունի բազմաթիվ խոցելի կետեր, խրթին ընթացակարգ, ենթադրում է ՀՀ քաղաքացիության պարտադիր ընդունում, վարկի ձևակերպում, ինչը շատ դեպքերում մերժվում է բանկերի կողմից։
Հարց է ծագում, եթե պետությունն է այս ծրագրի երաշխավորը, վարկային պատմությունը դիտարկելուց հետո ինչու են մերժում մեր հայրենակիցների պահանջները։
Պետք է ընդգծել, արցախցիներին արհեստականորեն և ապօրինաբար զրկել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և հարկադրում են, որպեսզի ծրագրի շահառու դառնալու համար վերջիններս նորից դիմեն քաղաքացիություն ստանալու համար։ Բնական է, որ շատերը վախեր, մտահոգություններ ունենալով չեն դիմում քաղաքացիություն ստանալու համար, մանավանդ, որ այս գործընթացը ևս վերածվել է քաշքշուկի ու բյուրոկրատիայի։ Պահանջում են բազմաթիվ փաստաթղթեր, որոնք բռնի տեղահանվածներից շատերը չունեն»,-ասաց Դանիելյանը:
Նա հավելեց, որ արցախցիների սոցիալական ծանր դրությունը մեղմելու համար կառավարության կողմից չեն սահմանվում արտոնություններ, սկսած տրանսպորտային փաթեթներից, որոշակի զեղչերով օգտվելուց մինչև բժշկական ծառայության անվճար ապահովում. «Հարց է առաջանում՝ բազմաթիվ դժվարությունների միջով անցած մի քանի պատերազմ տեսած, հայրենիքից, տնից, տեղից, գույքից զրկված մեր հայրենակիցները ինչպե՞ս պետք է հոգան իրենց տարրական կարիքները, և զրկում ենք անգամ այդ չնչին աջակցությունից։
Իրենց իրավունքների վերականգնելու համար այս օրերին Արցախից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները ձևավորել են խորհուրդ ազատության հրապարակում վրան տեղադրել։
Կառավարությանը ներկայացրել են 12 կետից բաղկացած պահանջագիր, որտեղ խոսվում է ոչ միայն սոցիալական աջակցության ծրագրերի անհրաժեշտության մասին, այլ դրվում են հստակ պահանջներ, կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը չեղարկելու, Հայաստանի դեմ ներկայացված հայցերի հետքաշումից հրաժարվելու, գերիների վերադարձի, Արցախյան հիմնահարցի վերադարձի իրավունքի վերաբերյալ։ Պետք է արձանագրել, որ այս բոլոր պահանջները միայն արցախցիներին չեն վերաբերելի, սա բոլորիս արժանապատվության հարցն է։ Հետևաբար, ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ մենք, յուրաքանչուրս մեր հնարավորության սահմաններում պետք է աջակցենք, սատարենք, զորավիգ լինենք արցախցիներին, և այն անձինք, որոնք ատելության խոսք կհնչեցնեն, պետք է ենթարկվեն ամենախիստ պատասխանատվության, կլինեն պարզապես ֆեյսբուքյան օգտատերեր, թե պետական պաշտոնյաներ»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը: