ԵԱՏՄ երկրները 10 փաստաթուղթ են հաստատել
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի պատվիրակությունները Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում հաստատել են տասը փաստաթուղթ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Փաստաթղթերից մեկը վերաբերում է ԵԱՏՄ-ում սպորտի ոլորտում համագործակցությանը։
Ինչպես ավելի վաղ նշել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, 2025 թվականի գագաթնաժողովում բեկումնային համաձայնությունների հասնելը նախատեսված չէր։ Նրա խոսքով՝ փաստաթղթերը հաստատում են «տեխնիկական և գործնական հարցեր», որոնց լուծումը կարևոր է ԵԱՏՄ-ի համար։
Հունիսի 26-27-ին Մինսկում կայացել է Եվրասիական տնտեսական համաժողովը, որին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է տեսակապով։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ոչ պաշտոնական գագաթնաժողովը, հավանաբար, կկայանա Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերին, իսկ հաջորդ պաշտոնական գագաթնաժողովը՝ Աստանայում 2026 թվականին։