Դուք, երևի թե, վեճ ունեք ԵԽԽՎ-ի հետ․ Վարդևանյանը՝ ՔՊ-ականին
ԵԽԽՎ-ի զեկույցում արդեն խոսվում է Հայաստանի Հանրապետությունում սելեկտիվ հետապնդումների մասին. Եկեք՝ թող քաղաքական հետապնդումները դադարեցվեն, նոր դրանից հետո ասեք, թե ինչ գործողություններ Հայաստանում հնարավոր է կատարել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ դիմելով ՔՊ–ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին։
Անդրադառնալով Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու Կարեն Առուստամյանի անկուսակցական լինելու հանգամանքին՝ Վարդևանյանը հարցրեց՝ արդյոք նա մասնակցել է ՔՊ ամփոփիչ հանրահավաքին. «Արդյոք վերջինս անկուսակցական է, թե ձևով, թե էությամբ, թե՞ ինքն էլ, օրինակ, ՔՊ–ի ամփոփիչ հանրահավաքին մասնակցել է»,–հարցրեց նա։
Ի պատասխան Սիսակ Գաբրիելյանն ասաց. «Ի տարբերություն ձեր հանրահավաքների, մեր հանրահավաքները բավականին բազմամարդ են, ես չէի կարող ամբիոնից նկատել Կարեն Առուստամյանը այդ հեռավորությունից այնտեղ ներկա էր, թե ոչ, կարող եք իրեն հարցնել։ Ես կարող եմ վստահ ասել, որ Կարեն Առուստամյանին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, վարչությունից, որևէ տեղից, որևէ մեկը չի ասել, արի հանրահավաքի»։
Արամ Վարդևանյանն արձագանքեց. «Բազմամարդության հետ կապված էլ ԵԽԽՎ-ն գալիս է մեզ օգնության իր զեկույցով։ Դե իհարկե, վարչական ռեսուրսը չարաշահելով, մարդկանց խմբերով և անհատական միջամտություններով բերում եք հանրահավաքի։ Դա ԵԽԽՎ-ն է ասում, ի դեպ, դուք երևի վեճ ունեք ԵԽԽՎ-ի հետ, ինչը հետաքրքիր նոր մշակույթ է։ Բա դրա համար կարար մարդաշատ լիներ, թեև երևի մի առիթ կլինի, թող այդ ոլորտի մասնագիտացած կառույցները հրապարակեն, թե ումն էր բազմամարդ»։
Սիսակ Գաբրիելյանն էլ նկատեց, որ կրկին ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցը շարունակում է ձեր ցանկությամբ. «Ես հիշում եմ, որ երբ դուք մեկ այլ ընդդիմադիր ուժի դրոշակը պարզած փողոցներով ման էիք գալիս, ձեզ միանում էին համայնքապետեր ու դուք հպարտությամբ ասում էիք՝ այս համայնքապետն եկավ, այս համայնքի աշխատողները մեզ միացան։ Այդ ժամանակ, փաստորեն վարչական ռեսուրս չէին կիրառում այդ համայնքապետերը, որ իրենց աշխատողներին հանում էին և ուղարկում էին ձեր անհասկանալի և ապագա չունեցող որևէ շարժմանը»։



