երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Դուք դեմ եք քվեարկում ձեր կառավարության ծրագրին․ Չալաբյանը՝ ՔՊ պատգամավորներին

Դուք դեմ եք քվեարկում ձեր կառավարության ծրագրին․ Չալաբյանը՝ ՔՊ պատգամավորներին

Ուզում եմ առիթից օգտվել և ՔՊ բոլոր պատգամավորներին ասել՝ ինչին եք դուք դեմ քվեարկում։ Դուք դեմ եք քվեարկում ձեր կառավարության ծրագրին, իսկ կառավարության ծրագրին դեմ քվեարկելը  նշանակում է  պետք է կառավարությունը հրաժարական տա։ ԱԺ դիմաց ակցիայի ժամանակ լրագրողներին ասել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը․

«Սկսվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։  12 անդամներից 8 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ են։ Իրենց դիրքորոշումները տարբեր ձևերով արտահայտել են, կա նաև կառավարության արձագանքը մեր օրենքի նախագծին։ Իրավական տեսանկյունից անհեթեթ, չհիմնավորված արձագանք է»,- նշել է Չալաբյանը։

Նա հիշեցրեց, որ 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրողներին խոստացել է հետամուտ լինել Արցախի ինքնորոշման իրավունքին, երաշխավոր լինել Արցախի ժողովրդի անվտանգությանը, շարունակել բանակցությունները ԵԱՀԿ շրջանակներում, հասնել Արցախի վերջանական կարգավիճակին՝ հենվելով Արցախի ինքնորշման իրավունքի վրա։

«Բոլոր այս խոստոմները ՔՊ-ն փորձում է  մոռացության մատնել։ Դրանք ոչ թե օդում տված խոստումներ են, այլ այդ խոստումների հիման վրա ձևավորվել է կառավարության ծրագիր, կառավարության ծրագիրն ԱԺ-ն ընդունել է, որն օրենքի ուժ ունի և պարտադիր է կատարման համար։ Այդ կառավարության ծրագիրը հենց Փաշինյանի կառավարության ծրագիրն է։

Դեմ քվեարկելով իր կառավարության ծրագրին, նա իր կառավարությունը հայտարարում է  ապօրինի։ Կառավարությունը դառնում է  ոչ լեգիտիմ։ Մեր  հաջորդ խնդիրը պետք է լինի այս կառավարությունը, որն իր ընտրողներին խաբել է, ինչ որ իմաստով իշխանազավթում է իրականացնում, ընտրությանը տալիս է խոստումներ,  անում է  դրան ուղիղ հակառակը։ Այդ կառավարությունն իրեն դուրս է դնում օրենքից ու մեր խնդիրը պետք է լինի այդ կառավարությունից ազատվելը»,- ասաց  Չալաբյանը։

  • Կիսվել: