Դուք այստեղ նստած եք, որ ձեր գողոնի համար կյանքի ու մահվան կռիվ տաք. Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց ընդդիմության մեղադրանքներին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին փաստաթղթի քննարկման ընթացքում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում ներկայացրած՝ Կառավարության վերջին 7 տարիներին կատարած աշխատանքին, դրանք որակեց որպես «աննախադեպ»՝ համեմատած 2011-2018 թթ. հետ:
Նրա խոսքով՝ դրանք միայն վիճակագրական արդյունքներ չեն, այլ երկարաժամկետ ծրագրերի, համակարգային ռեֆորմների արդյունքներ:
«Որքան մենք երկար և անխոչընդոտ առաջ շարժվենք այս ճանապարհով, այնքան ավելի մեծ են լինելու այս արդյունքները, սիրելի՛ հայրենակիցներ»,- նշեց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով հայտարարագրման ինստիտուտին՝ ընդգծեց՝ այն իրենց կարևորագույն ռեֆորմներից է, որն իր բնույթով բազային ռեֆորմ է, որի հիման վրա պատրաստվում են իրականացնել բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված բացառապես Հայաստանի քաղաքացու բարեկեցությանը:
«Շատ են քննարկումները հայտարարագրման շուրջ, ինչը լավ է: Շատ են նաև քննադատությունները, ցավոք, դրանց մի մասը ողողված է մանիպուլյացիաներով և ֆեյքերով, ինչը վատ է, բայց այստեղ էլ միգուցե մենք գործ ունենք անշարժ գույքի հարկի նման երևույթի հետ: Պարզեցինք, որ գույքահարկի ընդհանուր հանրագումարի 45 տոկոսը վճարում է 0,6 տոկոսը, և ահա որտեղից է աղմուկը:
Հայտարարագրման դեպքում էլ կեղծ լուրեր տարածողների շրջանակը գրեթե նույնն է, ինչ գույքահարկի դեպքում»,- հայտնեց պատգամավորը՝ ընդգծելով՝ դրանով էր թերևս պայմանավորված ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի անհանգստությունը առ այն, որ եկամուտները հայտարարագրելիս ինչ-որ մի բան թաքցնելու դեպքում կա վարչարարություն և տուգանք:
Հովհաննիսյանը «անհասկանալի ինչ-որ մոտեցում» որակեց դա:
«Եթե դու հայտարարագրում ես, ապա պետք է հայտարարագրես, եթե թաքցնում ես եկամուտը, ապա պետք է տուգանվես: Սա պարզ ճշմարտություն է»,- ասաց նա՝ ընդդիմությանը մեղադրելով ապապետականության քարոզի իրականացման մեջ:
Նրա խոսքով՝ այն նույն շրջանակը, որը բողոքում է գույքահարկից, հայտարարագրումից, նույն շրջանակը նույն ինտենսիվությամբ ու բառամթերքով բողոքում էր ապօրինի գույքի բռնագանձման օրենքից:
«Հինգ տարի է՝ բողոքում են: Գնացին ՍԴ, և Սահմանադրական դատարանը սահմանադրական ճանաչեց ապօրինի գույքը: Էն, որ ասում ենք՝ դուք այստեղ եկել եք և ընտրություններին մասնակցում եք միայն մի՝ գողոնը պահելու պատճառով, ասում եք՝ չէ: Ո՞նց չէ: Հայտարարագրման դեմ պայքարում եք, կյանքի ու մահվան կռիվ եք տալիս, որ չհայտարարգրեք ձեր եկամուտները, գույքահարկի դեմ պայքարում եք, որ ձեր գողացած թանկարժեք գույքերի համար չվճարեք պետությանը, ժողովրդին հետ չտաք այդ գույքերի գումարը:
Ապօրինի գույքի դեմ էլ էիք պայքարում, որ այդ գողացածը ձեզանից և ձեր քաղաքական հովանավորներից հետ չվերցնեն: Դրա համար եք դուք այստեղ նստած: Դուք այստեղ նստած եք, որ ձեր գողոնի համար կյանքի ու մահվան կռիվ տաք»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց՝ իրենք, սակայն, շարունակելու են ժողովրդի հետ խոսակցությունը ու բացատրելու են հայտարարագրման ինստիտուտի դրական կողմերը:
«Հայտարարագրումը, սիրելի՛ հայրենակիցներ, ոչ թե վերցնելու, չակերտավոր ասած՝ քերելու մասին է, այն տալու, ձեզ վերադարձնելու մասին է: Կոռուպցիայի դեմ պայքարը, երկրում արդարության մթնոլորտի վերականգնումը մեր առաջնահերթությունն է և մեր քաղաքական ինքնության մասը»,- ընդգծեց պատգամավորը: