Դիտավորյա՞լ չեք հարցաքննել հորս․ ԱԺ պատգամավորը՝ Արթուր Դավթյանին
Այսօր Ազգային ժողովում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդության ներկայացման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նորա Առուստամյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ այս քրեական գործով իր հորը չեն կանչել հարցաքննության։
Հիշեցնենք՝ Նորա Առուստամյանը Հյուսիս-Հարավի գործով այժմ կալանավորված Սեդրակ Առուստամյանի դուստրն է։
«Ձեր ներկայացրած միջնորդագրում ասվում է, որ Պողոսյանը գումար է ստացել Առուստամյանից և Աբրահամ Մանուկյանից, բայց իմ տիրապետած տեղեկություններով, որն ավելի ստույգ է քան դահլիճում գտնվող բազմաթիվ մարդկանց տեղեկություններ, քանի որ Սեդրակ Առուստամյանը հայրս է և նա մինչ այժմ չի հարցաքննվել տվյալ քրեական գործով, ինչը հիմք է ինձ համար կարծելու, որ հարցաքննության արդյունքում միգուցե ձեր կողմից բերված քրեական գործի միջնորդությունը անհիմն կլիներ, անգամ պետք է արվեր առերես հարցաքննություն հորս և Պողոսյանի միջև ինչը ևս չի արվել։ Պետք է խնդրեմ, որ պատասխանը չլինի՝ դրանք գործողությունների շարք են, որ հետագայում կարվեն, բոլորս գիտենք, որ ոչինչ ձեզ չէր խանգարում տվյալ գործողություններն անելուց հետո նույն միջնորդագրով գայիք Ազգային ժողով։ Դիտավորյա՞լ չեք հարցաքննել Սեդրակ Առուստամյանին»,– դիմելով դատախազին, ասաց պատգամավորը։
Արթուր Դավթյանը պատասխանեց կարճ՝ «Ոչ» Սակայն հետո հավելեց, որ քննիչն է որոշում՝ ինչ տակտիկա ընտրել նախաքննությունը վարելիս և որ գործողությանը առաջնայնություն տալ։
«Դա հստակ օրենքով գրված է և դա նախաքննության արդյունավետության ապահովման թիվ մեկ չափանիշն է, եթե քննիչը ռոբոտի նման տեխնիկական գործողություններ կատարի, մենք չենք ունենա ոչ մի հանցագործության բացահայտում, իսկ ձեր ասած գործողությունը պարտադիր կատարվելու է, թե քննության ո՞ր փուլում կկատարվի, դա արդեն ցույց կտա կրիմինալիստիկայի 100–ամյա պատմություն ունեցող դասագրքերում գրվող քննության տակտիկան», -ասաց Դավթյանը։
Գլխավոր դատախազի հայտարարությունը Նորա Առուստամյանը անարձագանք չթողեց և ասաց․ «Էլի եմ պնդում, ձեզ ոչինչ չէր խանգարում դա անել, հետո միջնորդագիրը բերել։ Շատ լավ հասկանում ենք, որ այդ դեպքում պարզապես շինծու գործ կլիներ։ Պարոն դատախազ, պնդում եմ, որ այս քրեական գործի միջնորդությունը դուրս է եկել իրավական տիրույթից այն պահից, երբ հայրս՝ Սեդրակ Առուստամյանը, չի հարցաքննվել տվյալ քրեական գործով եւ դուք այս քրեական գործը հանել եք իրավական տիրույթից եւ ձեր իսկ թեթեւ ջեռքով բերել եք քաղաքական ասպարեզ, ինչն անընդունելի է»։
Արթուր Դավթյանն ի պատասխան, կրկնեց, որ Սեդրակ Առուստամյանն անպայման հարցաքննվելու է այս քրեական գործով, և այդ ցուցմունքները լինելու են հերթական, շարքային ապացույցներից մեկը, որն այլ ապացույցների համակցության մեջ պետք է գնահատվի. «Տարբերակ 1, Սեդրակ Առուստամյանը կարող է հաստատել այս տեղեկությունները, տարբերակ 2, կարող է բացառել։ Եթե նույնիսկ Սեդրակ Առուստամյանը հարցաքննվեր այս պահին և այս տեղեկությունները չընդուներ, ես այս ապացույցները բավարար էի համարելու, այս միջնորդության համար դիմելու»։


