ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Dior, Gucci, Louis Vuitton. Ռուզաննա Խաչատրյանի զգեստապահարանը

Dior, Gucci, Louis Vuitton. Ռուզաննա Խաչատրյանի զգեստապահարանը

Մի քանի շաբաթ առաջ` Մարտի 1-ի գործով դատական հերթական լսումների ժամանակ,  պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանի կինը հայտարարեց, որ դատախազը «բարոյական որևէ իրավունք չունի Սեյրան Օհանյանի հարցը որևէ ատյանում բարձրացնելու»։ Այս ճեպազրույցը դիտելիս մենք նկատեցինք, որ Խաչատրյանը կրում է իտալական Moncler բրենդի 2018 թվականի  հավաքածուից բաճկոն, որի գինը 2,275 ԱՄՆ դոլար է, գրում է Media.am-ը։

Սեյրան Օհանյանը այլևս պետական պաշտոնյա չէ, սակայն երկար տարիներ նրա եկամուտը, ըստ հայտարարագրերի, պետական ծառայողի աշխատավարձն ու կենսաթոշակն են եղել, իսկ նրա կնոջ եկամուտը՝ միայն աշխատավարձը։ 

Օգտագործելով բաց աղբյուրներով հետաքննության գործիքակազմը՝ մենք որոշեցինք ուսումնասիրել՝ ինչ հագուստ է կրում Ռուզաննա Խաչատրյանը և նրա ընտանիքը։ 

Ինչո՞ւ է սա կարևոր

1999-ից մինչև 2016-ը Սեյրան Օհանյանը ծառայել է որպես ԼՂՀ, ապա՝ ՀՀ պաշտպանության նախարար։ Նախարար լինելու ընթացքում Օհանյանը հայտարարագրել էր միայն երկու տեսակի եկամուտ՝ աշխատավարձ և կենսաթոշակ։ Ռուզաննա Խաչատրյանը, որը ամուսնու պաշտոնավարման տարիներին հիմնեց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, նույնպես միայն աշխատավարձ է հայտարարագրել։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հասանելի հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2011-2015-ին Օհանյանի և նրա կնոջ հայտարարագրած տարեկան համատեղ եկամուտը կազմել է միջինում շուրջ 9,4 միլիոն դրամ (մոտ 19,000 դոլար) կամ ամսական 785 հազար դրամ  (մոտ 1,600 դոլար)։ 

Իհարկե, Սեյրան Օհանյանը այլևս պետական պաշտոն չի զբաղեցնում, բայց Արցախյան երկրորդ պատերազմից հետո նա վերադարձել է ակտիվ քաղաքականություն, մասնակցում է ընդդիմության ցույցերին, իսկ մի քանի օր առաջ հայտարարեց, որ կմասնակցի արտահերթ ընտրություններին, եթե դրանք կայանան։

Հիմնվելով այն լուսանկարների վրա, որ Ռուզաննա Խաչատրյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում, մենք պարզեցինք, որ Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին նրա կինը և երեխաները հաճախ էին կրում լյուքս դասի բրենդերի իրեր, որնցից որոշների գինը կարող է հասնել է մի քանի հազար դոլարի։ Շքեղ հագուստով նկարները Ռուզաննա Խաչատրյանը հրապարակում էր նաև ամուսնու պաշտոնանկությունից հետո։ Հոդվածում նշված է յուրաքանչյուր նկարի հրապարակման տարեթիվը։

Mocler 

Հունվարի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ռուզաննա Խաչատրյանը կրում էր իտալական լյուքս դասի Moncler բրենդի բաճկոն։ Այս բրենդը հայտնի է իր ձմեռային բաճկոններով։ Համեմատելով պատկերները՝ կարելի է եզրակացնել, որ Խաչատրյանը կրում է Moncler Grenoble Limides մոդելի բաճկոնը։


Պատկերները՝ News.am, Modesens.com

Այլ տեսագրությունում երևում է Խաչատրյանի բաճկոնի թևին փակցված տարբերանշանը, որը կա նաև Moncler բաճկոնի լուսանկարերում։ 


Պատկերները՝ Aravot.am, Modesens.com

Modesens առցանց խանութում, որը մեկ տեղում է հավաքում տարբեր բրենդային խանութ-սրահներում վաճառվող իրերը, այս բաճկոնի գինը 2,275 ԱՄՆ դոլար է։ 

Louis Vuitton

Խաչատրյանը հաճախ է կրում ֆրանսիական հայտնի Louis Vuitton բրենդի աքսեսուարներ։ Օրինակ, 2019-ի լուսանկարներից մեկում կարելի է տեսնել այս դասական դարձած Neverfull մոդելի պայուսակը, որը պաշտոնական կայքում արժե 1,460 դոլար։

Նույն բրենդի մեկ այլ դասական մոդելի աքսեսուարը՝ ֆիրմային տարբերանշանով շարֆը, Ռուզաննա Խաչատրյանի նկարներում հանդիպում է 2016-ի փետրվարին։ Բրենդի կայքում այն կարելի է գտնել 730 դոլարով։

Dior 

2020-ի սկզբում՝ տոնական օրերին, Ռուզաննա Խաչատրյանը հրապարակեց լուսանկար ֆրանսիական Dior բրենդի 2019-20 աշնանային հավաքածուի շապիկով և կիսաշրջազգեստով։

Շապիկը Dior-ի կայքում արդեն հասանելի չէ․ այն գտանք Modesens խանութում՝ 2,950 ԱՄՆ դոլար արժեքով։

 

Բրենդի պաշտոնական կայքում նույն հավաքածուից նման մոդելը արժե 3,100 դոլար։

Խաչատրյանը կրում է նաև Dior-ի պայուսակ։ Բրենդի կայքում այն արժե 3,250 դոլար: Այս լուսանկարը հրապարակվել է 2019-ի ամռանը։

Gucci 

Լյուքս դասի բրենդեր կրում է ոչ միայն Ռուզաննա Խաչատրյանը, այլև նրա զավակները։ Օրինակ՝ 2015-ի այս լուսանկարում կարելի է տեսնել Gucci-ի դասական մոդելի գոտին, որը կայքում արժե 175 դոլար։ 

Սա Gucci-ից միակ գոտին չէ․ 2017-ին Խաչատրյանը հրապարակել է իր և որդու լուսանկարը, որտեղ երեխան կրում է սև կաշվե գոտի՝ բրենդի տարբերանշանով։

Ինքը՝ Ռուզաննա Խաչատրյանը կրում է Gucci-ի ֆիրմային Horsebit նախշով պայուսակ, որի գինը մեզ չհաջողվեց պարզել։ Բրենդի պաշտոնական կայքում կանացի պայուսակների գինը սկսվում է 695 դոլարից և հասնում մինչև 34,000։

Hermes

Մեկ այլ լուսանկարում կարելի է նկատել Խաչատրյանի որդու կրած Hermes բրենդի գոտին։ Այս շարքի գոտիները բրենդի կայքում արժեն 790 դոլար։ Առաջին անգամ Hermes-ի տարբերանշանով գոտի Խաչատրյանի հրապարակած լուսանկարներում հանդիպում է 2015-ին։ 

Kenzo

2020-ի գարնանը հրապարակված լուսանկարում Սեյրան Օհանյանի և Ռուզաննա Խաչատրյանի դուստրը կրում է ֆրանսիական Kenzo-ի զգեստ։ Այս զգեստի գինը հայտնի Farfetch առցանց խանութում 267 դոլար է։

Կարևոր է նշել, որ մեր գտած բոլոր իրերի գները նշված են առանց զեղչերի։ Չի կարելի բացառել, որ Օհանյանների ընտանիքը իրերը ձեռք է բերել զեղչով։ Media.am-ը նաև հիմնվել է այն ենթադրության վրա, որ այս իրերը օրիգինալ են՝ պատճեններ չեն։

Այլ հագուստներ ու աքսեսուարներ

Որոշ դեպքերում մեզ չի հաջողվել նույնականացնել իրը, բայց հաջողվել է պարզել արտադրողին։ Օրինակ, 2016-ի հունվարին հրապարակված այս լուսանկարում Սեյրան Օհանյանի ձեռքին Chopard շվեյցարական բրենդի ժամացույց է: Chopard ժամացույցների գինը տատանվում է մի քանի հազարից մինչև մի քանի տասնյակ հազար դոլար։ Հայկական Chronograph խանութում Chopard-ի ամենաէժան ժամացույցն արժե 2,967,000 դրամ (հոդվածի հրապարակման պահին)։ 


Ժամացույցի լուսանկարը պտտված է և մեծացրած։ Համեմատեք բրենդի տարբերանշանը։

Այս ժամացույցից բացի 2015-2016-ին՝ Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակ հրապարակված լուսանկարները ուսումնասիրելով գտանք բազմաթիվ այլ բրենդային իրեր։ 

Օրինակ՝ Louis Vuitton-ի այս Capucines մոդելի պայուսակը։ Այդ հոդվածի հրապարակման պահին բրենդի պաշտոնական կայքում այս մոդելի ամենաէժան պայուսակն արժե 4,200 դոլար։ 

Իսկ այս լուսանկարում երևում է Gucci-ի Horsebit ոճի պայուսակ։ 

2016-ի Ապրիլյան պատերազմից երկու շաբաթ անց հրապարակված այս լուսանկարը մեծացնելով՝ կարելի է նկատել Chanel բրենդի տարբերանշանը։ 

Նույն ժամանակահատվածում տեղի ունեցած Ռուզաննա Խաչատրյանի և ամերիկահայ բժիշկ-վնասվածքաբանի հետ հանդիպումից այս լուսանկարում երևում է Fendi-ի դասական շարֆը։

Եվ ևս մեկ Chanel-ի պայուսակ։

Chanel-ի և Fendi-ի տարբերանշանները երևում են նաև այս լուսանկարում։ 

Մեկ այլ ռակուսից երևում է նաև շապիկի բրենդը՝ Armani։

Այս պայուսակն էլ Dolce & Gabbana բրենդից է։

Նորաձևության տների և թանկարժեք բրենդների իրեր գուցե Օհանյանների ընտանիքն ավելի շատ ունի։ Media.am-ի նույնականացրած այս իրերը Ռուզաննա Խաչատրյանի 2015-ից գործող ֆեյսբուքյան էջի հրապարակումների մի մասն են միայն։ 

  • Կիսվել: