ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դիմելու ենք խորհրդարանական ընդդիմությանը և քաղաքացիական հանրությանը՝ իրականացնելու կառավարությանը և գործող վարչապետին անվստահություն հայտնելու օրինակարգ գործընթացը․ Հայտարարություն

Դիմելու ենք խորհրդարանական ընդդիմությանը և քաղաքացիական հանրությանը՝ իրականացնելու կառավարությանը և գործող վարչապետին անվստահություն հայտնելու օրինակարգ գործընթացը․ Հայտարարություն

«Միասին» շարժումը նոյեմբերի 9-ին նախաձեռնել էր հանրային գործողությունների շարք, որի նպատակը Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի «թավշյա, ոչ բռնի» կոչվող հեղափոխությունից հետո իրականացրած քաղաքականության բևեռային հակասությունների, ձախողումների և աղետալի հետևանքների արձանագրումն էր՝ հարցապնդումների տեսքով, որոնք պիտի դառնան Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու սահմանադրական գործընթացի հիմնավորումներ։ Այս մասին ասված է «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդի հայտարարության մեջ։

 «Միասին»-ը այդ հարցադրումները գրավոր ներկայացրել է գործող վարչապետի աշխատակազմ և պահանջել ուղիղ եթերով պատասխանել այն հարցերին, թե ինչո՞ւ են մինչև այսօր ՀՀ պետական-ազգային շահը, անվտանգությունը, տարածքային անձեռնմխելիությունը, ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքները հետևողական ոտնահարվում և ապա այդ ծանրագույն սխալների համար հորինվում կեղծ արդարացումներ, թե այլ ելք չկա։ «Միասին» շարժումն հարցադրումների միջոցով ցույց է տալիս, որ և՛ անցյալում, և՛ ներկայում կան հնարավորություններ խուսափելու և նվազագույնը մեղմելու, ապա կայունացնելու քաղաքական, դիվանագիտական, ռազմական և հումանիտար այն բոլոր ճգնաժամերը, որոնք ստեղծվել են լուծարվող Արցախի Հանրապետության և Հայաստանի շուրջ։  Փաշինյանն այդ օրը մեկնել էր Փարիզ, իսկ վերադարձից հետո հայտարարեց, թե պատրաստ է պատասխանել տեսագրված ինչ-որ հարցերի, որը բնավ կապ չունի մեր առաջարկության հետ։

«Միասին» շարժումը, իր ծրագրին համապատասխան, նոյեմբերի 23-ին՝ 16։00, Բաղրամյան 26 հասցեում՝ Փաշինյանի նստավայր դարձած նախագահական շենքի առջև կազմակերպում է իր հերթական գործողությունը՝ հանրայնացնելու իր հարցադրումները՝ դիմելով խորհրդարանական ընդդիմությանը և ՀՀ քաղաքացիական հանրությանը՝ իրականացնելու գործող վարչապետին անվստահություն հայտնելու օրինակարգ գործընթացը։ Համոզված ենք՝ մեր պետությանը սպառնացող վտանգից խուսափելու համար անհրաժեշտ է օր առաջ հանրությանը ներկայացնել համակարգված հիմնավորումներ՝ ԱԺ-ում կառավարությանը և Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար։

Հայաստանին պետք է նոր իշխանություն, նոր հակաճգնաժամային կառավարման համակարգ՝ նոր վարչապետով։

 

  • Կիսվել: