Դիմադրություն պետական համակարգում կա, բայց դա միտումնավոր դիմադրություն չէ. Սերոբ Անտինյան
InfoPort.am-ի հարցազրույցը կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանի հետ
Պարոն Անտինյան, վերջերս վարչապետը հայտարարեց, որ պետական համակարգի ստորին օղակներում դիմադրություն կա հեղափոխության դեմ: Ինչպե՞ս եք այդ հայտարարությանը վերաբերվում, կա՞ նման բան:
Դիմադրություն, իրապես, պետական համակարգում կա, բայց դա միտումնավոր դիմադրություն չէ, այլ պայմանավորված է պետական համակարգի ոչ բավարար կվալիֆիկացիայով, ոչ բավարար պատրաստվածությամբ: Հեղափոխությունն ինքնին նոր խնդիրներ է դնում պետական կառավարման համակարգի առջև, որոնց լուծման համար կառավարման համակարգը պետքէ լինի բարձր որակավորում ու պրոֆեսիոնալիզմ ունեցող կադրերով համալրված: Ցավոք, նախկինում պետական համակարգը ծառայեցվում էր այլ նպատակների համար և չի եղել անհրաժեշտություն պետական համակարգը իրապես զինելու բարձր մասնագիտացում ունեցող կադրերով: Կրկնում եմ՝սա միտումնավոր դիմադրություն չէ: Իհարկե, հնարավոր են սաբոտաժի առանձին դեպքեր, բայց կարծում եմ՝ կարիք կա պետական համակարգը արդիականացնելու, բարեփոխելու, զինելու արհետսավարժ կարդրեով: Հենց նրանք կարող են լուծել ներկայիս մարտահրավերները և այսօրվա առաջադրված քաղաքական խնդիրները, որոնք իրապես հեղափոխական են և անհրաժեշտություն են առաջացնում բեկում մտցնել մեր կյանքի տարբեր ոլորտներում:
Շատ խոսվում է երիտասարդ կադրերով պետական համակարգը համալրելու մասին, բայց հայտնի է, որ պետական ծառայողները քիչ աշխատավարձ են ստանում: Երիտասարդ կարդրեր ու ցածրաշխատավարձ: Որքանո՞վ են դրանք համատեղելի:
Սա համակարգային խնդիր է ու դրան պետք է մոտենալ համակարգային լուծումներով: Աստիճանաբար պետք է բարձրացվեն պետական համակարգի ծառայողների աշխատավարձերը, որովհետև պետական կառավարումը մենեջմենթի ամենաբարդ տեսակներից մեկն է, որովհետև պետությունն ինքնին որպես կազմակերպություն, ամենաբարդ կազմակերպությունն է: Ամբողջ աշխարհում պետական կառավարման աշխատողները բավականին բարձր են վարձատրվում, այդ երկրներում պետական մենեջմենթը համարվում է բարդ մասնագիտություն: Այլ հարց է, որ մեր երկրում պետական համակարգը այլ խնդիրների է ծառայել ու պետական համակարգում աշխատավարձերը չեն եղել այնպիսին, որ դա գրավիչ լիներ պրոֆեսիոնալ մասնագետների համար: Պետք է երկու քայլ իրականացնել՝պետական համակարգը համալրել երիտասարդ կադրերով, որոնք հընթացս ձեռք կբերեն անհրաժեշտ փորձառություն ու գիտելիքներ, մյուս կողմից էլ պետք է բարձրացվի պետական համակարգի աշխատողների աշխատավարձը: Արդյունքում կլինի որակյալ կադրերի ներհոսք պետական համակարգ:
Դուք տեսնո՞ւմ եք այդ խնդիրների լուծմանն ուղղվող ջանքեր:
Ես տեսնում եմ օպտիմալացման գործընթաց: Բայց օպտիմալացման գործընթացը անհրաժեշտ էր կատարել գործառույթային բարեփոխումների տեսքով, այսինքն՝պետք էր «ֆունկցիոնալ օպտիմալացում» կատարել: Գործառույթները պետք է հղկվեին, ճշգրտվեին, վեր հանվեին և բացառվեին կրկնվող և ավելորդ գործառույթները, որպեսզի հասկանալի լիներ՝ ինչ մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ են ահնրաժեշտ: Դրանից հետո եթե անհրաժեշտ լիներ, կգնային ինստիտուցիոնալ օպտիմալացման: Սա է դասական կառավարման տրամաբանությունը: Բարեփոխումները ֆունկցիոնալ կարող են լինել, երբ մենք խնդիրներն ենք հստակեցնում ստորաբաժանումների առջև դրված և պարզում ենք՝ արդյոք դրա իրականացման համար անհրաժեշտ է 10 աշխատո՞ղ, թե՞ 5:


