երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Դիլետանտիզմը ծանրագույն հարվածի տակ է դնում մեր հարաբերությունները մեր կարևորագույն դաշնակից ՌԴ-ի հետ. Աբովյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Դիլետանտիզմը ծանրագույն հարվածի տակ է դնում մեր հարաբերությունները մեր կարևորագույն դաշնակից ՌԴ-ի հետ. Աբովյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Այն, ինչ կատարվում է Փաշինյանի հայտարարության շուրջ` «Իսկանդերների» պայթելու/չպայթելու առումով, ցույց է տալիս, որ դիլետանտիզմը ուղղակի ծանրագույն հարվածի տակ է դնում մեր հարաբերությունները մեր ամենամտերիմ և կարևորագույն դաշնակից Ռուսաստանի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

«Ունե՞ր իրավունք Փաշինյանը`լինելով (նվազագույնը դե յուրե) երկրի գերագույն հրամանատար, անել ասպիսի հայտարարություն:

Ո´չ։

Իրավունք ունի՞ իր թիմակից, ԱԺ Պաշտպանության և Անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը կասկածի տակ դնել մեր դաշնակցի կողմից`մեզ մատակարարված զենքերը։

Ո´չ։

Ու՞մ է ձեռնտու այս ծանրագույն իրավիճակում խայտառակ կերպով լարել իրավիճակը մեր և Ռուսաստանի միջև:

Կարող եմ ասել միայն մի բան, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների քայքայումը ձեռնտու է միայն թուրքերին և առհասարակ մեր թշնամիներին»,- գրել է Աբովյանը:

Նշենք, որ նախօրեին 1in.am-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կիրառվել:

Նվեր Մնացականյանը Փաշինյանից հետաքրքրվել է՝ այդ ակնարկն իրե՞ն է ուղղված, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, - խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դիտարկմանը՝ այդպե՞ս էլ է լինում, Փաշինյանը նշել է. «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»:

 

  • Կիսվել: